«Հայր և որդի Երեմյաններ» ՍՊԸ-ին պատկանող «Բուրգըրի» («Burgery Angus & More») հասարակական սննդի կազմակերպությունը, որը նոյեմբերի 21-ից դադարեցրել էր աշխատանքը, դեկտեմբերի 8-ից կվերսկսի գործունեությունը:
Այս մասին հայտնում են ՀՀ ՍԱՏՄ-ից:
«ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի հսկողության ներքո՝ հանրային սննդի օբյեկտի վտանգավոր սննդամթերքի ողջ խմբաքանակը ոչնչացվել է, ամբողջ տարածքը ենթարկվել է մանրակրկիտ ախտահանման, բոլոր աշխատակիցներն անցել են կրկնակի բժշկական զննություն»,- նշված է տարածված հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 18-22-ն ընկած ժամանակահատվածում «աղիքային վարակ» նախնական ախտորոշմամբ 13 քաղաքացի դիմել և հոսպիտալացվել էր Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոն:
Պարզվել էր, որ նոյեմբերի 16-18-ն ընկած ժամանակահատվածում բոլոր հիվանդներն օգտվել էին «Հայր և որդի Երեմյաններ» ՍՊԸ-ի «Բուրգըրի» և «Պանդոկ Երևան» սննդի կազմակերպություններից:
Նախքան հետազոտության արդյունքների ստացումը, ռեստորաններից և սննդի բոլոր կետերից շրջանառությունից արագ դուրս էին բերվել բոլոր այն սննդամթերքները, որոնք պատկան մարմինների մոտ կասկած են առաջացրել և որոնցից նույն մարմինների կողմից կատարվել են նմուշառումներ։
Մակերեսներից և աշխատակիցների ձեռքերից վերցված լվացուկներում հայտնաբերվել էին աղիքային ցուպիկի խմբի մանրէներ (ԱՑԽՄ) և Staphylococcus aureus։