Այս պահին ոստիկանության աշխատակիցները պատ են կազմել Փարաքարի համայնքապետարանի դիմաց և թույլ չեն տալիս «Ապրելու երկիր» կուսակցությունից ընտրված ավագանու անդամներին, ըստ նրանց՝ ընտրված համայնքապետ Վոլոդյա Գրիգորյանին մտնել ներս։
Կուսակցության հիմնադիր անդամ Մովսես Առաքելյանի հարցին, թե ինչու թույլ չեն տալիս մտնել, ոստիկանության աշխատակիցն ասաց, որ գրավոր հարցում անեն, իրենք կպատասխանեն։
Կուսակցության անդամները քայլերթեր են իրականացնում հանայնքում։ Նրանք ոստիկանության գործողությունները համարում են ապօրինի։ Կուսակցության ղեկավար Մանե Թանդիլյանի խոսքով՝ ոստիկանության գործողությունը «ՏԻՄ իշխանության զավթում է»։
Նշենք, որ Փարաքար խոշորացված համայնքում այս պահին իրեն հաղթած համայնքապետ է համարում երկու անձ։ «Դավիթ Մինասյան» կուսակցությունների դաշինքը գլխավորող Դավիթ Մինասյանը ֆեյսբուքայն էջով արդեն շնորհակալություն է հայտնել Փարաքարի ու դրան միավորվող 8 գյուղերի բնակիչներին։
Նրանից մի քանի ժամ առաջ «Ապրելու երկիր» կուսակցությունը շնորհավորել է իր ցուցակը գլխավորող Վոլոդյա Գրիգորյանին դարձյալ Փարաքարի համայնքապետ ընտրվելու առիթով։
Քաղաքական երկու ուժերն էլ հայտնել էին, որ այսօր՝ դեկտեմբերի 23-ին տեղի է ունենալու համայնքապետի երդմնակալության արարողությունը։