ՀՀ վարչական դատարանում երեկ գիշեր ավարտվել է 20.12.2021թ.-ին «Ապրելու երկիր» կուսակցության խմբակցության 10 ավագանու անդամների կողմից համայնքի ղեկավարի ընտրության մասին թիվ 1 որոշման վիճարկման գործով դատաքննությունը:
Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է «Դավիթ Մինասյան» դաշինքի երկրորդ համար Գոռ Սարիբեկյանը՝ հավելելով, որ վճիռը կհրապարակվի ս.թ. դեկտեմբերի 30-ին՝ ժամը 18:00-ին:
Հիշեցնենք, որ Փարաքար խոշորացված համայնքում իրեն հաղթած համայնքապետ է համարում երկու անձ։ «Դավիթ Մինասյան» կուսակցությունների դաշինքը գլխավորող Դավիթ Մինասյանը ֆեյսբուքայն էջով արդեն շնորհակալություն է հայտնել Փարաքարի ու դրան միավորվող 8 գյուղերի բնակիչներին։
Նրանից մի քանի ժամ առաջ «Ապրելու երկիր» կուսակցությունը շնորհավորել է իր ցուցակը գլխավորող Վոլոդյա Գրիգորյանին դարձյալ Փարաքարի համայնքապետ ընտրվելու առիթով։
Քաղաքական երկու ուժերն էլ հայտնել էին, որ դեկտեմբերի 23-ին տեղի է ունենալու համայնքապետի երդմնակալության արարողությունը։ Այդ ժամանակ ոստիկանության աշխատակիցները թույլ չէին տվել «Ապրելու երկիր» կուսակցության ցուցակով ընտրված ավագանու անդամներին մտնել համայնքապետարան։