Հայ մշակութային գործիչ Վահան Արծրունին իր ֆեյսբուքյան էջում գրել է․
«Որպես հայ մտավորական դեմ եմ Հայաստանի՝ ՀԱՊԿ-ի զորամիավորման մեջ ընդգրկվելուն և հայ զինվորին Ղազախստանի ներքին քաղաքական ընթացքներին մասնակից դարձնելուն»։
Արծրունին նաև հավելել է, որ կարող են միանալ այլ մտավորականներ ևս։
Հիշեցնենք, որ Ղազախստանում տեղի ունեցող իրադարձությունների համար երկրի նախագահը դիմել է ՀԱՊԿ-ին։ Քանի որ ՀԱՊԿ-ի նախագահությունը այս տարի ստանձնել է Հայաստանի Հանրապետությունը, վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել է, որ «ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհուրդը Հավաքական անվտանգության պայմանագրի 4-րդ հոդվածի համաձայն որոշում է կայացրել սահմանափակ ժամանակահատվածով Ղազախստանի Հանրապետություն ուղարկել ՀԱՊԿ հավաքական խաղաղապահ ուժեր՝ այդ երկրում իրավիճակի կայունացման եւ կարգավորման նպատակով»:
Դրանք ներառում էին Ռուսաստանի Դաշնության, Բելառուսի Հանրապետության, Հայաստանի Հանրապետության, Տաջիկստանի Հանրապետության և Ղրղզստանի Հանրապետության զինված ուժերի ստորաբաժանումները։