azatutyun.am: Ղրղզստանի արտգործնախարարությունը սկսել է տարհանել Ղազախստանի տարածքում գտնվող քաղաքացիներին:
«Հաշվի առնելով Ղազախստանում վերջին իրադարձությունները՝ Ղրղզստանի արտաքին գործերի նախարարությունը հյուպատոսական-իրավական օգնության շրջանակներում աշխատանք է կատարում պետական սահմանի անցակետերով Ղրղզստանի քաղաքացիներին տարհանելու ուղղությամբ»,- ասվում է Ղրղզստանի ԱԳՆ մամլո վարչության տարածած հաղորդարգությունում:
Ղրղզստանի քաղաքացիներին տարհանելու նպատակով տրամադրվել են տրանսպորտի միջոցներ, որոնց շահագործման ծախսը պետությունն է հոգում:
«Նախարարությունը Ղազախստանի տարածքում գտնվող Ղրղզստանի քաղաքացիներին կոչ է անում հարգել այդ երկրի օրենքները և պահպանել բնակության կանոնները, չենթարկվել սադրանքների, խուսափել կոնֆլիկտային իրավիճակներից և մարդաշատ վայրերից և մնալ բնակության վայրում»,- ասվում է հաղորդագրությունում: