Քննարկվում է ԱՄԷ-ՀՀ երրորդ ուղիղ ավիաչվերթի հնարավորությունը. հանդիպում ԱՄԷ դեսպանի հետ

Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում Արաբական Միացյալ Էմիրությունների նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Մուհամմադ Իսա Ալ Զաաբին:

Ինչպես հայտնում են ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, վարչապետը շնորհավորել է դեսպանին դիվանագիտական առաքելությունը ստանձնելու կապակցությամբ և մաղթել հաջողություններ հետագա գործունեության ընթացքում:

Նիկոլ Փաշինյանը կարևորել է ՀՀ-ԱՄԷ հարաբերությունների շարունակական զարգացումը և հույս հայտնել, որ դեսպանի պաշտոնավարման ընթացքում դրանք կբարձրանան նոր մակարդակի: Կառավարության ղեկավարը նշել է, որ վերջին շրջանում երկու երկրների միջև նկատվում է տնտեսական համագործակցության աշխուժացում և առկա են լավ հնարավորություններ՝ գործարար կապերին նոր թափ հաղորդելու համար: Նիկոլ Փաշինյանը գոհունակություն է հայտնել, որ Հայաստանն ու ԱՄԷ-ն զարգացնում են փոխգործակցությունը նաև զբոսաշրջության ոլորտում, ինչը նպաստում է երկու ժողովուրդների միջև կապերի ամրապնդմանը:

Մուհամմադ Իսա Ալ Զաաբը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և պատրաստակամություն հայտնել ջանքեր գործադրել երկկողմ հարաբերությունների ընդլայնման ու խորացման նպատակով: Դեսպանը նշել է, որ իր երկիրը շահագրգռված է զարգացնելու համագործակցությունը Հայաստանի հետ էներգետիկայի, տեղեկատվական տեխնոլոգիաների, ներդրումների, գյուղատնտեսության, զբոսաշրջության և հումանիտար այլ ոլորտներում:

Նա տեղեկացրել է, որ այժմ քննարկվում է Հայաստանի հետ երրորդ ուղիղ ավիաչվերթի կազմակերպման հնարավորությունը, ինչը կնպաստի ոչ միայն զբոսաշրջության, այլ նաև առևտրաշրջանառության ծավալների ավելացմանը: Մուհամմադ Իսա Ալ Զաաբը նշել է, որ ԱՄԷ կառավարությունը պատրաստ է քննարկել ներդրումային ծրագրեր՝ Հայաստանի հետ համատեղ իրականացնելու նպատակով:

Երկկողմ տնտեսական համագործակցության զարգացման առումով զրուցակիցները կարևորել են առաջիկայում նախատեսված միջկառավարական հանձնաժողովի նիստի անցկացումը: Վարչապետ Փաշինյանը հույս է հայտնել, որ դրա ընթացքում կկայացվեն կոնկրետ որոշումներ, որոնք միտված կլինեն երկու երկրների միջև տնտեսական հարաբերությունների ընդլայնմանը: Կառավարության ղեկավարն առանձնակի կարևորել է երկու երկրների միջև ՏՏ ոլորտում համագործակցությունը և հույս հայտնել, որ ԱՄԷ-ի ընկերություններն ակտիվորեն կմասնակցեն աշնանը Երևանում կայանալիք Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային կոնգրեսին:

ՀՀ-ԱՄԷ հարաբերություններին նոր ազդակ հաղորդելու տեսանկյունից կողմերը կարևորել են նաև գործարար ֆորումների անցկացումն ու բարձր մակարդակի փոխայցելությունների կազմակերպումը: 
Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել ԱՄԷ կառավարությանը Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում հավասարակշռված դիրքորոշում ցուցաբերելու համար:  

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

“Through fair elections you’ve got strong mandate of people to continue democratic reforms” – Lithuanian PM to Pashinyan |armenpress.am|

Նիկոլ Փաշինյանը Սուրբ Զատիկը շնորհավորել է 139-րդ սաղմոսով |youtube.com|

Այսօր մենք հիշում ենք Սումգայիթի կոտորածի զոհերին․ Նիկոլ Փաշինյան

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.