Աշխատանքային այցով Պորտուգալիայում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը մասնակցել է Horasis վերլուծական կենտրոնի ամենամյա գլոբալ հանդիպմանը, որը կենտրոնի տարեկան խոշորագույն միջոցառումն է: Այս մասին տեղեկացնում է նախագահի պաշտոնական կայքը:
Նախագահ Արմեն Սարգսյանը որպես բանախոս ելույթ է ունեցել «Ձևավորելով ապագան» խորագիրը կրող քննարկման շրջանակում:
Քննարկման մասնակիցները խոսել են ժամանակակից աշխարհի մարտահրավերների ու դրանց լուծման տարբերակների մասին: Նախագահ Արմեն Սարգսյանը նշել է, որ ցանկացած երկիր տարբեր կերպ է մոտենում ի հայտ եկող խնդիրների լուծմանը: «Հայաստանի դեպքում բանաձևը շատ պարզ է։ Փոքրը գեղեցիկ է։ Եվ փոքրը կարող է շատ հաջողակ լինել՝ հաշվի առնելով այն, ինչ տեղի է ունենում այսօր աշխարհում»։
Հանրապետության նախագահն անդրադարձել է չորրորդ ինդուստրիալ հեղափոխությանը` նշելով, որ գործ ունենք մշտական հեղափոխության ու էվոլյուցիոն զարգացման երկարատև գործընթացի հետ: «Գիտական նորույթների և տեխնոլոգիական նվաճումների հսկայական քանակը, համատեղած մարդկանց այն մեծ թվի հետ, որոնք ներգրավված են ստարտափների ու նորարարական այլ գործընթացների մեջ, խոսում են այն մասին, որ այս գործընթացները լինելու են շատ դինամիկ և դրամատիկ։
Մենք առաջիկայում ականատեսն ենք լինելու, թե ինչպես են աճելու քվանտային մոդելավորման, նոր տեխնոլոգիաների ու մեծ տեղեկատվության կառավարման ծավալները, և իհարկե, այս ամենի գագաթնակետում լինելու է արհեստական բանականությունը, որը, կարծում եմ, կիրառություն է գտնելու ամեն տեղ»,- նշել է Սարգսյանը։
Նախագահը համոզված է` չպետք է վախենալ արհեստական բանականությունից։ «Սա նույն պատմությունն է, ինչ 30-40 տարի առաջ, երբ մարդիկ վախենում էին տեղեկատվական տեխնոլոգիաներից, մտածում էին, թե համակարգիչների ի հայտ գալով կկորցնեն աշխատանքը։ Բայց ոչ, արհեստական բանականության շնորհիվ նոր աշխատատեղեր կստեղծվեն։
Այն, ինչը փոխվելու է, լինելու է մարդկանց գործունեության որակը և տեսակը։ Մենք շարժվում ենք դեպի ավելի նորարար աշխարհ»,- ընդգծել է նա։
Արմեն Սարգսյանը նշել է, որ այս հեղափոխությունը տեղի է ունենում ոչ միայն տնտեսության ու տեխնոլոգիաների մեջ, այլև մեր մարդկային վարքագծում. «Սա բացարձակ նոր աշխարհ է, որը ես անվանում եմ քվանտային աշխարհ»։