Ըստ ՔՊ նախընտրական ծրագրի՝ բանակցային գործընթացում Հայաստանի առաջնահերթություններից էր լինելու Արցախի տարածքների դեօկուպացիան․ Մարիա Կարապետյանը սխալ է ներկայացնում ծրագիրը

Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանն այսօր՝ «Ազատությանը» տված հարցազրույցում, հայտարարեց, որ իրենք նախընտրական ծրագրում չեն գրել, թե դեօկուպացնելու են Արցախի տարածքները։

«Այնտեղ [նախընտրական ծրագրում] գրված չի եղել, որ մենք դեօկուպացնելու ենք Շուշին և Հադրութը, գրված է եղել՝ այդ հարցը բանակցություններում քննարկման առարկա կարող է լինել։ Ստեղ նյուանս կա, տարբերություն կա։ Ես հասկանում եմ, որ բառի գործածությունը  ավելի ցայտուն է թվում․ օգտագործվա՞ծ է բառը, թե՞ ոչ։ Բայց ձևակերպման տարբերություն կա»,- նշեց պատգամավորը։

Մարիա Կարապետյանը, սակայն, սխալ է ներկայացնում ՔՊ նախընտրական ծրագրում դեօպուկացիայի մասին ձևակերպումը․ այնտեղ գրված չէր, որ Արցախի տարածքների հարցը բանակցություններում քննարկման առարկա կարող է լինել։ Ծրագրում նշվում էր հետևյալը․ «Բանակցային գործընթացում Հայաստանի առաջնահերթություններից է լինելու այն տարածքների դեօկուպացիան, որի վրա ինքնորոշվել է Արցախի ժողովուրդը, նախևառաջ՝ նախկին ԼՂԻՄ բնակավայրերի վերադարձն Արցախի վերահսկողության ներքո՝ խաղաղ, բանակցային ճանապարհով, ինչը հնարավորություն կտա տեղահանված անձանց վերադառնալ իրենց տները»:

Ավելին, Նիկոլ Փաշինյանը 2021-ի ապրիլի 14-ին՝ Կառավարության ծրագրի 2020թ. կատարողականի զեկույցի քննարկմանը, ԱԺ ամբիոնից հայտարարել էր․ «Որպես քաղաքական և ոչ թե որպես ռազմական հարց ուզում եմ բոլորիս ուշադրությունը հրավիրել այս փաստի վրա․ որպես բանակցային հարց, այո՛, պետք է դնենք Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի տարածքի դեօկուպացիայի խնդիրը»: 

Մարիա Կարապետյանը, փաստորեն, սխալվում է․ ՔՊ նախընտրական ծրագրում Արցախի տարածքների դեօկուպացիայի հարցը նշում էր որպես բանակցային գործընթացի առաջնահերթություններից մեկը, իսկ նախընտրական քարոզարշավից առաջ Փաշինյանը նշել էր, որ Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի տարածքի դեօպուպացիայի խնդիրը պետք է և ոչ թե կարող է դրվել որպես բանակցային հարց։

Infocom-ն արդեն անդրադարձել է այն հարցին, թե ԼՂ հակամարտության կարգավորման մասին ինչ էր նշված ՔՊ նախընտրական և 2021-ին ձևավորված կառավարության ծրագրերում, և ինչ են այժմ փաստացի հայտարարում կառավարող ուժի ներկայացուցիչները։

Գլխավոր լուսանկարը՝ ԱԺ կայքից

Աննա Սահակյան

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

«Premise» հավելված. Հայաստանի համար հնարավոր վտանգներ

«Սևան» ազգային պարկի տնօրենի թերի պնդումները Սևանա լճի խնդրի շուրջ

Ամուլսարի գործով քննիչ Յուրա Իվանյանը և նախկին բնապահպանության նախարարը ազգակցական կապ ունեն

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.