factor.am: Թուրքական արտադրության ANKA հարվածային անօդաչու թռչող սարքերն արտադրվելու են Ղազախստանում։ Այս մասին հայտարարել է անօդաչուները մշակող թուրքական օդատիեզերական Türk Havacılık ve Uzay Sanayi AŞ (TUSAŞ) ընկերությունը, գրում է «Անադոլու» գործակալությունը։
Ընկերությունից հիշեցրել են, որ անցյալ տարի ղազախական կողմի հետ պայմանագիր է ստորագրվել ANKA անօդաչուների մատակարարման համար։
Օրերս էլ Անկարա ղազախական պատվիրակության այցի շրջանակում TUSAŞ-ի և Kazakhstan Engineering-ի միջև նոր համաձայնագիր է ստորագրվել՝ արդեն Ղազախստանում անօդաչուների համատեղ արտադրության մասին։ Անօդաչուների տեխնիկական սպասարկումն ու վերանորոգումը ևս Ղազախստանում համատեղ ձեռնարկությունում է տեղի ունենալու։
Այսպիսով, Ղազախստանը դառնում է արտասահմանյան առաջին երկիրը, որտեղ ANKA անօդաչու սարքերի արտադրություն է հիմնվելու։ TUSAŞ-ի գլխավոր տնօրեն Թեմել Քոթիլը գոհունակություն է հայտնել ANKA անօդաչու սարքերի նկատմամբ օտարերկրյա գործընկերների աճող հետաքրքրության կապակցությամբ։