1lurer.am: ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Լիլիթ Ստեփանյանի խնդրանքով անդրադարձավ երեկ նախարարության դիմաց ընդդիմության կազմակերպած ակցիային՝ նշելով, որ դա խայտառակ շոու էր:
«Քաղաքական գործչին, ընդհանրապես քաղաքակիրթ մարդուն անհարիր պահվածք էր: Պատգամավորները, օգտագործելով իրենց պատգամավորական որոշակի արտոնությունները, մուտք են գործել շենք, ենթադրում եմ՝ քննարկելու ու ինձ հարցեր ուղղելու համար և ինձնից պատասխաններ լսելու: Եվ այդ ընթացքում փոխնախարարների հետ հանդիպման ընթացքում իրենց պաշտոնյային ոչ վայելուչ պահվածք են դրսևորել: Ի պատիվ մեր պաշտոնյաների՝ նրանք կարողացել են այդ իրավիճակում սառնասիրտ լինել, ինչը, իհարկե, չի փոխում այն հանգամանքը, որ մյուս կողմը իրեն անպատկառ է պահել»,- ասաց Արարատ Միրզոյանը:
Խոսելով ընդդիմության՝ Արցախի դրոշներ փակցնելու ակցիայի մասին՝ ասաց՝ ընդդիմադիրները 30 տարի ժամանակ են ունեցել դա անելու:
«Նրանց մի մասը, երբ եղել է իշխանություն, չեմ հիշում, որ ԱԳՆ-ն Արցախի դրոշներով զարդարած լինեին կամ կրեին այդ դրոշներն իրենց կոստյումների վրա: Նաև ուզում եմ ասել, որ վստահ չեմ, թե երեկվա ակցիան ուզում էր վիժեցնել ինչ-որ բան, թե պատասխան էր ինչ-որ կոնկրետ բանի:
Ես այստեղից ուզում եմ իրենց և իրենց տերերին ասել՝ չի ստացվելու»,- ասաց Արարատ Միրզոյանը: