armenpress.am: Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի գարնանային նստաշրջանի նիստում հայկական պատվիրակության անդամ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանն օգտագործել է այդ հարթակը` բարձրացնելով Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման հետ կապված համապատասխան գործելակերպ որդեգրելու հարցը: ԱԺ-ում պատվիրակության անդամների հրավիրած ասուլիսում այս մասին խոսեց Վարդանյանը:
«Օրակարգում ընդգրկված էր ատելության խոսքի հետ կապված բավականին լուրջ հատված: Եվ դրա շրջանակում ես իմ ելույթում անդրադարձ եմ կատարել ատելության խոսքին: Ոչ մի ցեղասպանություն հնարավոր չէ իրագործել առանց ատելության խոսքի:
Ընդ որում՝ հարց բարձրացվեց առ այն, որ թե 100 տարի է անցել Հայոց ցեղասպանությունից, այդուհանդերձ մենք Եվրոպայի խորհրդի անդամ երկրներում բախվում ենք հայատյացության տարբեր դեպքերին:
Եվ այս տեսանկյունից մենք օգտագործելու ենք այս հարթակը` պահանջելով Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման հետ կապված համապատասխան գործելակերպ որդեգրել, և փորձելու ենք մեր ելույթների ու գործունեության միջոցով հնարավորինս նվազեցնել հետագայում որևէ ցեղասպանության իրագործման հնարավորությունը»,-ասաց Վարդանյանը: