Մատաղիսի զորամասի հրամանատար Սեւակ Աբրահամյանի կալանավորումը փոխարինվել է տնային կալանքով

Մատաղիսի զորամասի հրամանատար, գնդապետ Սեւակ Աբրահամյանի նկատմամբ ընտրված կալանավորումը գրեթե երկու տարի անց վերացվել է։ Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր Արտուշ Գաբրիելյանի նախագահությամբ, որոշել է որպես նոր խափանման միջոց ընտրել տնային կալանքը։

Դատարանի այս որոշումը բողոքարկել են թե՛ հանրային մեղադրողը, թե՛ պաշտպանական կողմը։ Մասնավորապես, մեղադրողը պահանջել է Աբրահամյանին կրկին կալանավորել, իսկ պաշտպանը՝ տնային կալանքը վերացնել՝ միաժամանակ կիրառելով այլընտրանքային խափանման միջոցներ վարչական հսկողությունն ու ՀՀ-ից բացակայելու արգելքը։

Կողմերի բողոքները մակագրվել են Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Մարինե Մելքոնյանին։ 

Աբրահամյանի պաշտպան Արման Թամրազյանը «Ինֆոքոմ»-ին հայտնեց, որ Վերաքննիչ դատարանն իրենց բողոքը մերժել է։ 

Մերժվել է նաեւ մեղադրող Վազգեն Վարդանյանի բողոքը։ Գլխավոր դատախազությունից մեր հարցին ի պատասխան տեղեկացրին, որ նաեւ վճռաբեկ բողոք են ներկայացրել, որը, սակայն, Վճռաբեկ դատարանը վարույթ չի ընդունել։

Սեւակ Աբրահամյանը, հիշեցնենք, մեղադրվում է մարտական հերթապահության կանոնները խախտելու մեջ, ինչն առաջացրել է ծանր հետեւանքներ։ Մասնավորապես, ըստ մեղադրանքի, նա խախտել է «ՀՀ զինված ուժերի ներքին ծառայության կանոնագիրքը հաստատելու մասին» օրենքով, «Մարտական հերթապահության կազմակերպման եւ իրականացման կանոնադրությամբ» եւ «Մարտական կանոնադրությամբ» սահմանված՝ մարտական հերթապահություն կրելու կանոնները, ինչի հետեւանքով ժամանակին չի հայտնաբերվել եւ չի կասեցվել պետության դեմ հարձակումը։

Սեպտեմբերի 27-ին հարձակում գործելով՝ հակառակորդը հնարավորություն է ունեցել ժամերի ընթացքում ճեղքել պաշտպանության շրջանի ձախաթեւյան մի շարք դիտակետերի պաշտպանությունը եւ մխրճվել թիկունքային հատվածներ, ինչի հետեւանքով հոկտեմբերի 2-ին Թալիշ եւ Մատաղիս գյուղերն անցել են Ադրբեջանի վերահսկողության տակ։

Քրեական գործը դատարանում է 2023 թ․ հունվար ամսից։ Պաշտպանի փոխանցմամբ՝ այս 1 տարի 8 ամսվա ընթացքում հարցաքննվել է ընդամենը 4 վկա, մինչդեռ գործով դատակոչված է 51 վկա։

Աբրահամյանի վերաբերյալ գործը սկզբնապես քննվում էր դռնբաց, սակայն հոկտեմբերի 27-ին դատարանը որոշել է դռնփակ քննություն իրականացնել պետական գաղտնիք պարունակող գրավոր ապացույցները ուսումնասիրելու համար։ Գաղտնի փաստաթղթերի ուսումնասիրությունը մասամբ է ավարտվել, դատարանը փոփոխել է ապացույցների հետազոտման հաջորդականությունը եւ որոշել դատակոչել վկաներին։ Նրանց հարցաքննությունը եւս ընթանում է դռնփակ, ինչին պաշտպանական կողմը դեմ է արտահայտվել

Սեւակ Աբրահամյանն առաջադրված մեղադրանքը չի ընդունում։

 

Լուսանկարը՝ դռնբաց դատական նիստից

Միլենա Խաչիկյան

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

 ԱՀ ԱԻ պետականծառայության տնօրենը այսօր ծառայության բոլոր ստորաբաժանումների պատասխանատուների հետ անց է կացրել աշխատանքային խորհրդակցություն

Remains of an Armenian serviceman were found in Mataghis. SSES of Artsakh

Հակառակորդը Արցախի ուղղությամբ հարձակում է սկսել․ հրետակոծվում են նաև խաղաղ բնակավայրերը․ ԱՀ նախագահի խոսնակ

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.