Վրաստանի այն ընդդիմադիր կուսակցությունները, որոնք հաղթահարել են խորհրդարան անցնելու 5 տոկոսի շեմը, հերքում են ընտրության արդյունքները։
«Կոալիցիա փոփոխությունների համար» ընդդիմադիր կուսակցությունը, որը ըստ ԿԸՀ տվյալների հավաքել է 11,037 տոկոս, հայտարարել է, որ հրաժարվում է պատգամավորական մանդատներից՝ չճանաչելով ընտրությունների արդյունքները։ Կուսակցության արդեն 20 թեկնածուներ հայտարարել են, որ կհրաժարվեն իրենց պատգամավորական մանդատները վերցնելուց։
Ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» կուսակցությունն էլ հավաքելով 10,16%, հայտարարել է, որ ԿԸՀ-ի կողմից հայտարարված ընտրությունների արդյունքները «տարբեր մանիպուլյացիաների միջոցով ձեռք բերված արդյունքներ են», որոնք իրենց քաղաքական կուսակցությունը չի ճանաչում։
7.77% հավաքած «Վրաստանի համար» կուսակցությունը հայտարարել է, որ ընտրությունների արդյունքները «չի արտացոլում վրաց ժողովրդի կամքը»: Կուսակցությունը պնդում է, որ ընտրողներին ահաբեկելը, քվե գնելը, ընտրողների անձը հաստատող փաստաթղթերի «շահարկումը» և պետական աշխատողների վրա ճնշումը համակարգային խախտումներ են՝ ուղղված «ընտրությունների արդյունքները և վրաց ժողովրդի կամքը գողանալուն»:
«Ուժեղ Վրաստան» ընդդիմադիր կուսակցությունն էլ հավաքելով 8.8% ձայն հայտարարել է, որ «Վրացական երազանքը» իշխող կուսացկությունը ռուսական հատուկ ծառայությունների հետ միասին յուրացրել և խլել են վրաց ժողովրդից երեկ կայացած ընտրությունները, և չեն ճանաչում ընտրությունների արդյունքները;