Կոբախիձեն հայտարարել է, որ Վրաստանը լեգիտիմ խորհրդարանական ընտրություններ է անցկացրել |armenpress.am|

armenpress.am: Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է, որ հոկտեմբերի 26-ին կայացած խորհրդարանական ընտրությունները «մաքուր» են անցել, և իշխանությունները պատրաստ են բոլորին տրամադրել դա հաստատող ապացույցներ։ Այս մասին նա ասել է «Իմեդի» հեռուստաընկերության եթերում։

«Բոլորը պետք է հաշտվեն այն փաստի հետ, որ Վրաստանն անկախ պետություն է, և ընդունված օրենքներն այնտեղ գործում են։ Մենք լիովին բաց ենք բոլորի համար, ովքեր ցանկանում են համոզվել մեր անցկացրած մաքուր ընտրություններում», – ասել է Կոբախիձեն:

Նա նաև նշել է, որ Վրաստանում ընտրությունների վերաբերյալ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ (Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակ) դիտորդական առաքելության նախնական եզրակացությունն, ընդհանուր առմամբ, դրական է։

«ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի եզրակացության հետ կապված բազմաթիվ հայտարարություններ կան թե՛ այստեղ, թե՛ արտերկրում այն մասին, որ առաքելությունը մեր ընտրությունները չի անվանել արդար և ազատ, բայց այս կազմակերպության զեկույցներում նման տերմինաբանություն չի օգտագործվում։ Կարևորն այն է, որ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ առաքելության եզրակացությունն, ընդհանուր առմամբ, դրական է։ Մամուլի ասուլիսում միջազգային դիտորդներն ուղղակիորեն խոսել են ընտրությունների լեգիտիմության մասին»,- ասել է Կոբախիձեն:

Երկրի ԿԸՀ-ի տվյալներով՝ իշխող «Վրացական երազանք» կուսակցությունն ստացել է ձայների 53,9 %-ը, սակայն ընդդիմությունը չի ընդունում այս արդյունքները։ Զուրաբիշվիլին ընտրությունները որակել է «ամբողջական կեղծիք» և հայտարարել, որ չի ճանաչում դրանք, իսկ 5 %-ի շեմը հաղթահարած բոլոր չորս ընդդիմադիր կուսակցությունները հայտարարել են, որ բոյկոտելու են նոր խորհրդարանը։ 

Մի շարք երկրներ և կառույցներ, այդ թվում՝ ԱՄՆ-ն, ԵՄ-ն, Վրաստանում ենթադրյալ ընտրախախտումները հետաքննելու կոչ են արել։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

«Բորժոմի» գործարանի աշխատողներն անժամկետ ակցիա են սկսել |azatutyun.am|

ՀՀ-ին մատակարարվող գազի տարանցման համար «Գազպրոմ»-ից Վրաստանին վճարվող սակագինը բարձրացել է |armtimes.com|

Հնարավոր է ԱՄՆ-Վրաստան ուղիղ չվերթներ սկսվեն |aliq.ge|

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.