Բանակաշինությունն անընդհատ գործընթաց է՝ սերտորեն կապված պետական կառույցների հետ փոխգործակցության ու հասարակական կյանքի կարևորագույն ոլորտների հետ․ Սուրեն Պապիկյանի ամանորյա ուղերձը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ամանորյա ուղերձ է հղել, որում ասվում է․ 

«Սիրելի՛ հայրենակիցներ,  

2024 թվականի բանակային տարին ևս պատմություն դարձավ:

Տարեմուտը հետ նայելու, անցած ճանապարհն արժևորելու, արածն ու չարածը նժարելու խորհուրդ է հուշում բոլորիս: Աշխարհաքաղաքական այս բարդ իրավիճակում, երբ «թեժ» կետերն աշխարհի քարտեզի վրա ոչ թե նվազում, այլ ավելանում են, այս համատեքստում չենք կարող չխոստովանել, որ 2024-ին մեր ժողովրդի ամենամեծ ձեռքբերումը երկրում խաղաղության պահպանումն էր։

Պետության ինքնիշխանության և ժողովրդի անվտանգության կարևոր բաղադրիչներից մեկի՝ բանակի ուժի ու մարտունակության կարևորությունը դժվար է վիճարկել: Ուստի 2024-ի ընթացքում մեր բոլոր ջանքերը միտված են եղել բանակի պաշտպանական կարողությունների ամրապնդմանն ու զարգացմանը՝ բանակաշինության ընթացքն առավել արդյունավետ դարձնելուն, ինչպես նաև 21-րդ դարի պահանջներին հարիր բանակ ունենալուն։

Տարվա ընթացքում մենք շարունակել ենք բարելավել բանակային դիրքերի կահավորումը ժամանակակից սարքավորումներով՝ սահմանի հուսալի պաշտպանության ու մարտական հերթապահություն իրականացնող անձնակազմի անվտանգության ապահովման բարձրացման ուղղությամբ քայլեր ձեռնարկելով: 

Բարեփոխումների շրջանակում զինված ուժերի համալրումն ապահովելու և զինծառայությունն առավել գրավիչ դարձնելու ծրագիրը 2024-ի ընթացքում նույնպես դրական արդյունք է արձանագրել՝ ապացուցելով գործնական ու օգտավետ քայլերի նպատակահարմարությունն ու ճշմարտացիությունը: Խոսքը վերաբերում է և՛ «Պաշտպան հայրենյաց» ծրագրին, և՛ զինծառայողների ատեստավորման գործընթացին, և՛ բանակում կանանց ներգրավվածությունը մեծացնելուն: 

Կարևորելով օրենքի գերակայության սկզբունքն ու օրենքի առաջ բոլորի հավասարության գաղափարը՝ բանակում օրինականությունն ամրապնդելու և կանոնադրային հարաբերություններից հնարավոր շեղումները նվազեցնելու նոր մեխանիզմներ են ներդրվել՝ պատժի անխուսափելիության գաղափարի և յուրաքանչյուր իրավախախտմանն իրավական գնահատական տալու պրակտիկան համադրելով կանխարգելիչ գործողությունների ու հանցածին մթնոլորտի վերացման աշխատանքների  հետ:

2024 թվականի ձեռքբերումների շարքում պետք է նշել նաև զինվորների սոցիալ-կենցաղային պայմանների բարելավելումն ու զորանոցաշինության աշխատանքների ծավալի մեծացումը, որոնք գալիք տարվա ընթացքում կշարունակվեն ավելի մեծ ակտիվությամբ ու ծավալով։

Ընթացիկ տարում զարգացել և  ընդլայնվել է պաշտպանության ոլորտում միջազգային համագործակցությունը, ստեղծվել են նախադրյալներ՝ նոր փոխգործակցությունների և անվտանգության միջավայրի ամրապնդման համար: 

Այս ամենով հանդերձ՝ պետք է փաստել, որ բանակաշինությունն անընդհատ գործընթաց է՝ սերտորեն կապված պետական կառույցների հետ փոխգործակցության ու հասարակական կյանքի կարևորագույն ոլորտների հետ: Ուստի 2025-ը դիմավորում ենք բարեփոխումների շարունակականության, ներդաշնակված գործունեության և չլուծված խնդիրներն արագ հաղթահարելու ակնկալիքով: Այն ամուր համոզմունքով, որ մարտունակ բանակ, տոկուն հասարակություն, ամուր երկիր ունենալու մեր հավաքական ջանքերն առավել արգասաբեր են լինելու: 

Շնորհավորում եմ բոլորիդ Ամանորն ու Սուրբ Ծնունդը: Թող ձեր ընտանիքներում տիրեն սերը, համերաշխությունն ու ուրախությունը: Եվ 2025-ը դառնա խաղաղության, աշխատանքի ու բարեկեցության տարի: 

Փա՛ռք Նահատակներին:

Կեցցե՛ Հայաստանի Հանրապետության  բանակը: 

Կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը», – նշված է ուղերձում։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

“Citizen’s Decision” party is against the new draft of the Ministry of Defense

An Azerbaijani soldier was found in the border zone of Gegharkunik, Ministry of Defense

Հրետանային զորամասերից մեկում անցկացվել է գործնական պարապմունք

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.