Պաշտոնատար անձանց նկատմամբ իրենց ազդեցությունն օգտագործելու միջոցով 16 հազար ԱՄՆ դոլար ստացած երկու անձանց վերաբերյալ քրեական վարույթը դատախազը հանձնել է դատարան

Դատախազը 2024 թվականի դեկտեմբերի 27-ին Հակակոռուպցիոն դատարան է հանձնել Տավուշի մարզի Դիլիջան համայնքի նախկին ղեկավարի եղբորորդիներ Վ.Ս.-ի և Ա.Ս.-ի վերաբերյալ քրեական վարույթը: Վ.Ս.-ին և Ա.Ս.-ին մեղադրանք է ներկայացվել այն բանի համար, որ նրանք 16 հազար ԱՄՆ դոլարի դիմաց, պաշտոնատար անձանց նկատմամբ իրենց ազդեցությունն օգտագործելու միջոցով, նպաստել են, որ Դիլիջան համայնքի սեփականություն հանդիսացող՝ շուրջ 800 քմ մակերեսով հողամասն աճուրդի միջոցով օտարվի իրենց ցանկալի անձին: Այս մասին հայտնում են ՀՀ գլխավոր դատախազությունից։

Հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթով պարզվել է, որ Վ.Ս.-ն և Ա.Ս.-ն 2020 թվականի ամռանն իրենց մտերիմ Հ.Մ.-ից տեղեկանալով, որ նա Դիլիջան համայնքում հողամաս ձեռք բերելու մտադրություն ունի, նրանից պահանջել են 16 հազար ԱՄՆ դոլար՝ պաշտոնատար անձանց նկատմամբ իրենց ենթադրյալ ազդեցությունն օգտագործելու միջոցով վերոնշյալ հողամասն աճուրդով նրան օտարելու համար:

2020 թվականի հուլիսի 6-ին, Դիլիջան համայնքի նախկին ղեկավարի որոշմամբ, 800 քմ մակերեսով հողամասը 2 միլիոն դրամ մեկնարկային գնով դրվել է աճուրդի: Աճուրդին մասնակցել են Հ.Մ.-ի երկու մտերիմները. աճուրդում հաղթող է ճանաչվել նրանցից մեկը՝ 2 միլիոն 205 հազար դրամ գնային առաջարկով: Հողամասի աճուրդից հետո, ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, Ա.Ս.-ն և Վ.Ս.-ն հանդիպել են Հ.Մ.-ին և նրանից ստացել 16 հազար ԱՄՆ դոլարին համարժեք՝ 7 միլիոն 762 հազար դրամ:

Դատախազը 2024 թվականի նոյեմբերի 28-ին Ա.Ս.-ի և Վ.Ս.-ի նկատմամբ հարուցել է հանրային քրեական հետապնդում՝ 18.04.2003 թվականին ընդունված Քրեական օրենսգրքի 3112-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով (ենթադրյալ ազդեցությունը շահադիտական նպատակով օգտագործելու դիմաց առանձնապես խոշոր չափերով գումար ստանալը):

2024 թվականի դեկտեմբերի 27-ին հաստատվել է Ա.Ս.-ի ու Վ.Ս.-ի վերաբերյալ մեղադրական եզրակացությունը և վարույթի նյութերի հետ հանձնվել Հակակոռուպցիոն դատարան:

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

««Նոր Զովք»-ի դեմ իրականացվում է համակարգված արշավ». ընկերության հայտարարությունը

Կոռուպցիայի համար 1 տարում 470 պաշտոնյա է հետապնդվել

Օպերայում ոստիկանի նկատմամբ բռնության դեպքով քրեական գործ է հարուցվել

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.