azatutyun.am։ Նիկոլ Փաշինյանի երեկվա կտրուկ արձագանքից հետո աշխատանքից ազատվելու դիմում է գրել մաքսային ծառայության երիտասարդ աշխատակից Հայկ Մարտիրոսյանը: Հենց նրան վարչապետը նկատողություն արեց կեցվածքի ու այնուհետ էլ՝ աշխատասենյակի ոչ պատշաճ վիճակի համար։
«Ով որ էս սենյակում աշխատել է էդ դրոշի պայմաններում, ոչ մեկ չաշխատի, ոչ մեկ», – նշեց Փաշինյանը։
Գործադիրի ղեկավարի զայրույթի պատճառը մաքսատան աշխատասենյակում տեղադրված անխնամ դրոշն էր։ Պետեկամուտների կոմիտեից տեղեկացնում են՝ աշխատակցին մաքսատան ղեկավար կազմից ոչ ոք չի ճնշել աշխատանքից հեռանալու նպատակով. մաքսային ծառայողն իր կամքով է դիմումը գրել, հերթափոխի մյուս աշխատակցի հեռացման վերաբերյալ էլ դեռ տեղեկություն չկա։ Նա, ի դեպ, այսօր ծառայության էր. հրաժարվեց մեր հարցերին պատասխանել։
«Ես ինֆորմացիա իրավունք չունեմ ձեզ տալու առանց իմ վերադասի թույլտվության», – ասաց մաքսայինի աշխատակիցը։
Երեկ մեզ հետ զրույցում դիմումը գրած Հայկ Մարտիրոսյանն ասել էր՝ իրենք նոր են տեղափոխվել այդ աշխատասենյակ, դրոշն էլ այլ տեղից է բերվել։
Վարչապետի այցից հետո արդեն տարածքում նոր ցուցանակներ էին հայտնվել՝ պահպանել մաքրությունը, չծխել գրություններով, իսկ սարդոստայնները՝ դեռ տեղում էին։ Վարչապետն այսօր «Ազատությանն» ասաց՝ դեռ չի ստացել մաքսային ծառայողների աշխատանքից հեռացվելու վերաբերյալ զեկույցը, սակայն իր մտադրությունը չի փոխել։
Հարցին՝ շարունակո՞ւմ է պնդել, որ ազատվեն աշխատանքից այդ աշխատողները, նա արձագանքեց. – «Ես մի բանը մի անգամ եմ ասում»։