ՀՀ վարչապետը ելույթ ունեցավ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նիստին, որի ընթացքում, անդրադառնալով 2018-ի գարնանը Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությանը նշեց․
«2018 թվականի դեկտեմբերն էր: Այդ ժամանակ արդեն ես Հայաստանի վարչապետն էի, և այդ կարգավիճակին հասել էի նույն թվականի ապրիլի-մայիսին տեղի ունեցած ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխության արդյունքում և որպես հեղափոխության հերթական հանգրվան երկրում տեղի էին ունենում արտահերթ խորհրդարանական ընտրություններ:
Այդ ընտրություններում մեր քաղաքական ուժը ստացավ ավելի քան 70 տոկոս ձայն, բայց կարևորը ոչ թե սա է, այլ այն, որ ԵԽԽՎ դիտորդական առաքելությունը տեղի ունեցած ընտրությունները որակեց որպես ժողովրդավարական:
Մեջբերում եմ ԵԽԽՎ դիտորդական առաքելության գնահատականից «Թավշյա հեղափոխության, ինչպես նաև իշխանությունների քաղաքական կամքի դրսևորման շնորհիվ հնարավոր եղավ Հայաստանում անցկացնել ժողովրդավարական ընտրություններ» (մեջբերման ավարտ):
Միջազգային մյուս դիտորդական առաքելությունները նույնպես դեկտեմբերին տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրությունները ճանաչեցին որպես ազատ, արդար, ժողովրդավարական և մրցակցային և Հայաստանում տեղի ունեցած որևէ ընտրություն նախկինում նման գնահատականի երբևէ չէր արժանացել:
Սա մեր երկրում տեղի ունեցած առաջին խորհրդարանական ընտրություններն էին, որոնց պաշտոնական արդյունքները չեն վիճարկվել Սահմանադրական դատարանում և առաջին խորհրդարանական ընտրություններն էին, որոնց արդյունքները անառարկելիորեն ընդունեցին բոլոր քաղաքական ուժերն ու հանրությունը:
Եվ հիմա, որպես Հայաստանի Հանրապետության ժողովրդի կողմից ընտրված վարչապետ ուզում եմ այս ամբիոնից շնորհակալություն հայտնել Եվրոպայի խորհրդին, Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովին՝ Հայաստանում Մարդու իրավունքների, ժողովրդավարության զարգացմանը ցուցաբերած աջակցության համար:
Հայաստանում այսօր ժողովրդավարությունը հաղթել է և դա տեղի է ունեցել նախորդ տարվա այս օրերին Հայաստանում տեղի ունեցած ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխության շնորհիվ: Ուզում եմ հատուկ ընդգծել, որ այդ հեղափոխությունը ծնվել է հայ ժողովրդի հոգում և սրտում և չի եղել ոչ մի օտարերկրյա ուժ, որ որևէ կերպ ներգրավված լինի մեր հեղափոխության մեջ: Մեր հեղափոխությունը չի ունեցել ոչ մի աշխարհաքաղաքական բովանդակություն, ոչ մի աշխարհաքաղաքական ենթատեքստ:
Բայց ինչպե՞ս ուրեմն այս հեղափոխությունը տեղի ունեցավ, ինչպե՞ս հաջողության հասավ: 2015 թվականին Հայաստանի այն ժամանակվա փաստացի ղեկավար Սերժ Սարգսյանը իր նախագահական երկրորդ ժամկետի ավարտին նախաձեռնեց սահմանադրական փոփոխություններ, որոնց արդյունքում Հայաստանը կառավարման կիսանախագահական ձևից 2018 թվականի ապրիլին պետք է անցում կատարեր խորհրդարանական համակարգի:
Երբ այս սահմանադրական փոփոխությունները նախաձեռնում էր, հրապարակային խոստացավ, որ այլևս երբեք չի հավակնելու ՀՀ ղեկավարի, տվյալ դեպքում՝ վարչապետի պաշտոնին: Բայց 2018-ին պարզվեց, որ նա է իշխող մեծամասնության վարչապետի թեկնածուն և դա իմանալով ես իմ ընկերների հետ 2018 թվականի մարտի 31-ին քայլարշավ սկսեցի Հայաստանի մեծությամբ երկրորդ քաղաք Գյումրիից՝ դեպի մայրաքաղաք Երևան՝ ՀՀ քաղաքացիներին կոչ անելով կանխել Սերժ Սարգսյանի կողմից քաղաքական խաբեության իրականացումը:
Մենք 13 օր քայլեցինք՝ ավելի քան 200 կիլոմետր, այդ ողջ գործընթացը լուսաբանելով սոցիալական ցանցերի ուղիղ եթերում: Եվ մայրաքաղաք Երևանում նախ մեր շարժմանը միացան բազմաթիվ դպրոցականներ՝ տղաներ և աղջիկներ, հետո նրանց ետևից եկան նրանց ավագ եղբայրները և քույրերը, հետո նրանց ետևից եկան մայրիկները և հայրիկները, ապա տատիկները և պապիկները:
Եվ չնայած 2018 թվականի ապրիլի 17-ին Սերժ Սարգսյանը խորհրդարանի կողմից վարչապետ ընտրվեց իսկ ապրիլի 22-ին ես կրկին բանտում հայտնվեցի, հաջորդ իսկ օրը Սերժ Սարգսյանը ստիպված էր ինձ ու իմ ընկերներին ազատ արձակել և հրաժարական տալ: Իսկ դրանից 15 օր անց, 2018 թվականի մայիսի 8-ին այդ նույն խորհրդարանը ինձ ընտրեց Հայաստանի Հանրապետության վարչապետ, որովհետև դա էր պահանջում ողջ հայ հանրությունը:
Ահա այսպես տեղի ունեցավ մեր հեղափոխությունը, որը մենք անվանում ենք Սիրո և համերաշխության հեղափոխություն, որովհետև այն ի սկզբանե հիմնված է եղել ոչ բռնի պայքարի տրամաբանության վրա:
Վեր պարզած բաց ձեռքերը մեր հեղափոխության սիմվոլն էր: Եվ դա նշանավորում էր մեր բազմիցս արած հայտարարությունն այն մասին, որ եթե նույնիսկ ոստիկանությունն ու նախկին կառավարության ներկայացուցիչներ մեր նկատմամբ բռնություն գործադրեն, մենք այդ բռնությանը բռնությամբ չենք պատասխանելու:
Եվ սերը, ոչ բռնի պայքարի գաղափարը իսկապես հաղթեց՝ Հայաստանում երկար տարիներ իշխած օլիգարխիական, կոռուպցիոն համակարգին: Հաղթեց առանց որևէ բռնության, հաղթեց առանց որևէ զոհի, հաղթեց առանց որևէ զենքի: Վեր բարձրացրած բաց ձեռքերով»: