Նիկոլ Փաշինյանը, Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նիստին խոսելով Հայաստանում տեղի ունեցող զարգացումներից, նշեց․
«Այսօր իսկապես Հայաստանում հսկայական քաղաքական փոփոխություններ են տեղի ունենում: Մեզ հաջողվել է Հայաստանից արմատախիլ անել համակարգային կոռուպցիան, վերացնել մենաշնորհային տնտեսակարգը, օրենքի առաջ բոլոր մարդկանց հավասարության իրական պայմաններ ստեղծել:
Մենք ամենօրյա ռեժիմով կրճատում ենք ստվերային տնտեսությունը. վերջին 10 ամսվա ընթացքում Հայաստանում ստվերից դուրս է բերվել և ստեղծվել է ավելի քան 50 հազար աշխատատեղ: Մեր բյուջեի եկամտային մասի լրջագույն գերակատարումներ են արձանագրվել և մենք մտադիր ենք 2019 թվականի բյուջեի եկամտային մասը գերակատարել շուրջ 80 միլիոն դոլարով:
Այս հավելյալ գումարները կծառայեն ճանապարհների կառուցմանը, կրթական և առողջապահական ներդրումներին, տարածքային համաչափ զարգացմանը և աշխատավարձեր կբարձրացվեն: Մեր կառավարության գործունեությունը թափանցիկ է և հաշվետվողական և մեր իշխանությունը բխում է մեր ժողովրդի ազատ կամարտահայտությունից:
Հայաստանն այսօր միարժեքորեն ժողովրդավարական երկիր է, խոսքի և հավաքների կատարյալ ազատությամբ: Ընտրությունների կեղծման, համակարգային կոռուպցիայի էջը մեր երկրում փակված է անշրջելիորեն, մեր կառավարությունը միջոցներ է ձեռնարկում մարդու իրավունքների պաշտպանության մակարդակը շարունակաբար բարձրացնելու ուղղությամբ:
Բայց մեր ժողովրդավարությունը ուժեղանալու, տնտեսապես և ինստիտուցիոնալ երաշխիքների անհրաժեշտություն ունի: Ժողովրդավարական ինստիտուտների զարգացումը, անկախ դատական համակարգի կայացումը, հակակոռուպցիոն ինստիտուտների հիմնադրումն ու ուժեղացումը այն առանցքային ոլորտներն են, որտեղ մենք ԵԽ-ի աջակցության կարիքն ունենք:
Այս ամենը կարևոր է ոչ միայն քաղաքական հեղափոխության արդյունքներն ամրագրելու այլև մեր սկսած նոր՝ տնտեսական հեղափոխությունը բարեհաջող ավարտին հասցնելու համար:
Մեր ձեռնարկած տնտեսական հեղափոխության առանցքային նպատակն ու իմաստը մեր քաղաքացիներին տնտեսական գործունեության քաջալերելն է, նրանց համար իրական հնարավորություններ ստեղծելը, Հայաստանը ներդրումների և զբոսաշրջության համար առավել գրավիչ դարձնելը և մեր երկիրը տեխնոլոգիական առաջամարտիկի վերածելը:
Եվ մենք համոզված ենք, որ հաջողելու ենք այս դժվարին առաքելության մեջ, որովհետև մեր ժողովուրդը վերագտել է վստահությունը սեփական ուժերի և սեփական ապագայի նկատմամբ»: