Արցախի հարցը բանակցությունների միջոցով կարգավորման կողմնակից ենք. Չեխ նախարարը՝ Լենա Նազարյանին

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Լենա Նազարյանն ապրիլի 10-ին ընդունել է Չեխիայի Հանրապետության պաշտպանության եւ զինված ուժերի նախարար Լյուբոմիր Մետնարի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա է եղել ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը:

Լյուբոմիր Մետնարը շնորհավորել է հայ ժողովրդին թավշյա հեղափոխության մեկամյակի առթիվ՝ նշելով, որ այս տարի Չեխիան էլ տոնում է թավշյա հեղափոխության 30-ամյակը: Նա բարձր է գնահատել այն հանգամանքը, որ Հայաստանը բռնեց փոփոխությունների անցնցում եւ առանց բռնությունների ուղին:

Նախարարը նշել է, որ Հայաստանը հարավկովկասյան տարածաշրջանում Չեխիայի կարեւոր գործընկերն է՝ համոզմունք հայտնելով, որ իր հանդիպումները եւս պարարտ հող կստեղծեն ապագա համագործակցության խորացման համար:

«Կարեւոր է, որ մեր գործընկերները միջազգային կազմակերպություններում հավասարակշիռ դիրքորոշում ցուցաբերեն մեզ համար կենսական նշանակություն ունեցող ԼՂ հիմնախնդրի հարցում, որի կարգավորումը մենք տեսնում ենք բացառապես խաղաղ ճանապարհով՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձեւաչափում»,-ասել է Լենա Նազարյանը:

Այս համատեքստում Լյուբոմիր Մետնարն ընդգծել է, որ իրենք հիմնախնդիրների բացառապես խաղաղ, բանակցությունների միջոցով կարգավորման կողմնակից են, տարածաշրջանի երկրների հակամարտությունների հարցում ցուցաբերում են հավասարակշիռ մոտեցում: Նա ընդգծել է, որ իր երկիրը սատարում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությամբ ընթացող միջնորդական ջանքերին:

Խոսելով Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման մասին՝ խորհրդարանի ղեկավարի տեղակալը գոհունակությամբ ընդգծել է այն փաստը, որ 2017 թ. Չեխիայի խորհրդարանի Պատգամավորների պալատն ընդունեց Հայոց ցեղասպանությունը ճանաչող եւ դատապարտող բանաձեւ: Այս համատեքստում նա բարձր է գնահատել նախարար Լյուբոմիր Մետնարի այցը Ծիծեռնակաբերդի հուշահամալիր:
«Հայոց ցեղասպանության ճանաչումն առաջին հերթին ուղղված է կանխելու նման ոճրագործությունների կրկնությունը, այն համամարդկային նշանակություն ունի»,-փաստել է Լենա Նազարյանը:

 

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

«Սաստեքս» կարի արտադրամասի ղեկավարությունը բացահայտ ոտնահարում է աշխատողների իրավունքները. Լենա Նազարյան

Մենք՝ կանայքս, պիտի գիտակցենք մեր զորությունը․ Լենա Նազարյան

Հայաստանը ԵԽԽՎ-ի կարևոր գործընկերներից մեկն է․ Լիլիան Մորի Պասկե

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.