news.am: ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը ողջունել է Ադրբեջանի հետ Հայաստանի սահմանի երկայնքով ԵՄ քաղաքացիական առաքելություն տեղակայելու ծրագրերը՝ վստահությունն ամրապնդելու համար։ Այս մասին ասվում է Բլինքենի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցի արդյունքներով Պետդեպարտամենտի հաղորդագրության մեջ։
«Բլինքենը երախտագիտություն է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի կողմից նախաձեռնվող դրական քայլերի համար՝ կայուն խաղաղության համաձայնագրի հասնելու համար, ներառյալ արտաքին գործերի նախարարների և ղեկավարների միջև ուղիղ բանակցությունները:
Պետքարտուղարը վարչապետ Փաշինյանին կոչ է արել շարունակելու աշխատանքը Ադրբեջանի հետ՝ նախանշված խաղաղ գործընթացին աջակցելու քայլերի ուղղությամբ՝ հաստատված ժամանակացույցին համապատասխան։
Նա հաստատել է ԱՄՆ աջակցությունը, այդ թվում՝ սահմանների հստակ սահմանազատման, տրանսպորտային կապերի, անհետ կորածների որոնման և նույնականացման, կալանավորների վերադարձի և այլ հարցերի առնչությամբ:
«Նա նաև ընդգծել է ԼՂ բնակիչների իրավունքների և երաշխիքների վերաբերյալ քննարկումների կարևորությունը, ինչպես նաև որ երկու կողմերն աջակցեն հրադադարին և կենտրոնանան բանակցային ճանապարհով ձեռք բերված համաձայնագրի վրա՝ որպես ամուր խաղաղության միակ ճանապարհ»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Իր թվիթերյան միկրոբլոգում Բլինքենը նշել էր, որ Փաշինյանի հետ զրույցի ընթացքում ինքը«ողջունել է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պաշտոնական բանակցություններում առաջընթացը»։ «Բանակցությունների միջոցով կնքված համաձայնագիրը ամուր խաղաղության միակ ճանապարհն է»,- նշել է նա։