armtimes.com: Այսօր կայացել է Լոռու մարզի Ալավերդի խոշորացված համայնքի նորընտիր ավագանու առաջին նիստը, որտեղ քվեարկության արդյունքներով համայնքապետ է ընտրվել «Ապրելու երկիր» կուսակցության թեկնածու Արկադի Թամազյանը։
Հիշեցնենք, որ ՏԻՄ ընտրությունների արդյունքներով Ալավերդում ոչ մի ուժ չէր հավաքել 50+ ձայներ: Այդ պատճառով հոկտեմբերի 2-ին «Ապրելու երկիր» և «Հայ Ազգային Կոնգրես» կուսակցություններն Ալավերդի համայնքի կառավարման հարցով հուշագիր էին ստորագրել:
Ըստ դրա՝ համայնքի ղեկավարի թեկնածու էր առաջադրվելու և «Ապրելու երկիր» կուսակցության ցուցակի առաջին համար Արկադի Թամազյանին, համայնքի ղեկավարի առաջին տեղակալի թեկնածու էր լինելու «Հայ Ազգային Կոնգրես» կուսակցության ցուցակի երկրորդ համար Տիգրան Պապոյանը, համայնքի ղեկավարի տեղակալի պաշտոնում նշանակվելու է «Հայ Ազգային կոնգրես» կուսակցության ներկայացուցիչ Սասուն Վարդումյանը,
Օձուն, Շնող, Մեծ Այրում, Ծաթեր, Այգեհատ բնակավայրերի ղեկավարումը ստանձնում են «Հայ Ազգային կոնգրես» կուսակցության ներկայացուցիչները, մնացած բնակավայրերի ղեկավարումը՝ «Ապրելու երկիր» կուսակցության ներկայացուցիչները:
Նշենք, որ Ալավերդում «Ապրելու երկիր» կուսակցությունն ստացել էր 6791 քվե, երկրորդը ՔՊ-ն էր՝ 6557 ձայնով, որի թեկնածուն «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արեն Մկրտչյանն էր, սակայն վերջինս իր ավագանու մանդատը վայր է դրել: