Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը Բրյուսելում ապրիլի 16-ին մասնակցել է Ռասմուսեն Գլոբալ խմբի կողմից կազմակերպված «Խաղաղության խաչմերուկ» թեմայով քննարկմանը, որին ներկա էին ԵՄ կառույցների և անդամ երկրների բարձրաստիճան պաշտոնյաներ, փորձագետներ:
Ինչպես տեղեկանում ենք ՀՀ ԱԽ գրասենյակի տարածած հաղորդագրությունից, քննարկման առանցքում են եղել Հարավային Կովկասում խաղաղության հաստատմանն ուղղված քայլերը, ինչի շրջանակներում ԱԽ քարտուղարը ներկայացրել է ՀՀ կառավարության կողմից գործադրվող շարունակական ջանքերը: Անդրադարձ է կատարվել ՀՀ կառավարության կողմից առաջ քաշված «Խաղաղության խաչմերուկ» նախագծին և ընդգծվել նախագծի կարևորությունը որպես Եվրոպան Ասիային կապող կարևորագույն հանգույց:
«Խաղաղության խաչմերուկ» նախագծի տեխնիկական առավելությունների մասին զեկույցով հանդես է եկել Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանը։
Արմեն Գրիգորյանը հարցուպատասխանի ձևաչափի շրջանակում պատասխանել է ներկաների հարցերին, մասնավորապես՝ Հայաստանի տարածաշրջանային և միջազգային քաղաքականության վերաբերյալ: