armenpress.am: Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբների պետ գեներալ-լեյտենանտ Մոհամմադ Բաղերին Տաջիկստանի պաշտպանության նախարար, գեներալ-լեյտենանտ Էմոմալի Սոբիրզոդայի հետ հանդիպման ժամանակ հայտնել է, որ Թեհրանը պատրաստ է պաշտպանական և ռազմական ոլորտներում մեծացնել համագործակցությունը Տաջիկստանի հետ։ Այս մասին հայտնում է IRNA գործակալությունը։
Նշվում է, որ իրանցի գեներալը շնորհավորել և հաջողություններ է մաղթել Սոբիրզոդային՝ որպես Տաջիկստանի պաշտպանության նոր նախարար։
Աղբյուրի հաղորդմամբ՝ գեներալ-մայոր Բաղերին ասել է, որ երկու զինված ուժերի փոխգործակցությունն ու համագործակցությունը գտնվում են ամենաբարձր մակարդակի վրա և մշտապես աճում ու զարգանում են։
«Գեներալ Բաղերին ընդգծել է տարբեր ոլորտներում երկու երկրների հարաբերությունների բարելավման կարևորությունը՝ հավելելով, որ մշակութային, պատմական, կրոնական և քաղաքական ընդհանրությունները կարող են հարմար հարթակ ստեղծել երկու երկրների զինված ուժերի միջև փոխգործակցության համար»,-նշված է տարածված հաղորդագրության մեջ։
Տաջիկստանի նախարարն, իր հերթին, Իրանի զինված ուժերը որակել է հզոր և մարտունակ՝ ընդգծելով, որ Թեհրանի պաշտպանական արդյունաբերությունը շատ առաջադեմ է տարածաշրջանում և աշխարհում։