armenpress.am: Հայաստանն իր հազարամյա պատմության մեջ պետության հարատևությունն ապահովելու այնպիսի շանս, որը կա հիմա, երբեք չի ունեցել:
ԱԺ ամբիոնից նման դիրքորոշում հայտնեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Վերջին 7 տարիներին մենք առաջնորդել ենք Հայաստանը, մենք տեսել ենք պարտություն և ձախողում, մենք տեսել ենք լաց և ատամների կրճտոց, մենք տեսել ենք ողբերգություն և ցասում: Բայց մեր հաղթանակն ու ուժը նրանում է, որ մենք առաջնորդել ենք այնտեղ, որտեղ թվում էր՝ անհնար է առաջնորդել, որտեղ սովորաբար առաջնորդություն չի լինում, այլ լինում է քաոս և խուճապ, փլուզում և կործանում: Մենք առաջնորդել ենք զուգահեռ իրական պետություն, իրական անկախություն, հետևաբար ազատություն, բարեկեցություն, երջանկություն ունենալու հնարավորություն ենք փնտրել մեր հայրենիք պետության՝ Հայաստանի Հանրապետության ու նրա ժողովրդի համար և ստեղծել ենք այդ հնարավորությունը:Մենք մեր պատմության գագաթնակետին, կուլմինացիային ենք հասել, և մեր հազարամյա պատմության մեջ մեր պետության հարատևությունն ապահովելու այսպիսի շանս երբեք չենք ունեցել»,–ասաց Փաշինյանը:
Ըստ վարչապետի՝ բոլոր ռիսկերը, որ գոյություն ունեն այսօր, գոյություն են ունեցել միշտ: «Բայց ռիսկերը եղել են շարունակական, որովհետև չենք տեսել և հետևաբար չենք օգտագործել այդ ռիսկերը կառավարելու և չեզոքացնելու հնարավորությունը: Իսկ այսօր տեսնում ենք, կառավարում ենք, չեզոքացնում ենք»,–նշեց նա:
Փաշինյանի խոսքով՝ այս համատեքստում են տեղավորվում այն քայլերը, որոնք իշխանությունը ձեռնարկում է վերջին տարիներին՝ հարևանների հետ հարաբերությունների կարգավորման օրակարգ, սահմանազատման գործընթաց, խաղաղության համաձայնագրի տեքստի վերջնականացում:
Նա այս բոլորը համարում է քայլեր, որոնք պետությունը և նրանում ազատ, անվտանգ և բարեկեցիկ ապրելու քաղաքացու հնարավորությունը դնում են ամենակենտրոնում՝ ամենից բարձր ու առաջնահերթ: «Ու սա է մեր ռազմավարությունը, սա մեր հարգանքի մեծագույն տուրքն է մեր բոլոր նահատակներին»,–ընդգծեց վարչապետը: