Այսօր Հայաստանում սկսվել է հեղափոխություն, որը եթե ոչ առավել, առնվազն նույնքան կարևոր է, որքան 2018-ինը. Փաշինյան |1lurer.am|

1lurer.am: Այսօր Հայաստանում սկսվել է հեղափոխություն, որը եթե ոչ առավել, առնվազն նույնքան կարևոր է, որքան 2018 թվականի ժողովրդական, ոչ բռնի, թավշյա հեղափոխությունը, և այդ հեղափոխությունն էլ է ավարտվելու ժողովրդական հաղթանակով: Այդ մասին ՀՀ կառավարության 2021-2026 թվականների ծրագրի՝ 2024 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցի քննարկման ամփոփիչ ելույթի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Տեղի է ունենում իրական Հայաստանի սոցիալ-հոգեբանական հեղափոխություն: Այդ հեղափոխության արձանագրումն այն է, որ վերջին մի քանի հարյուրամյակներում առաջին անգամ միջազգայնորեն ճանաչված մեր պետությունը և մեր հայրենիքը նույնական են, մեր հայրենիքը Հայաստանն է: Պետությունը, որում ապրում ենք, նույնպես Հայաստանն է:

Ընդդիմությունն այդպես էլ չի ընդունում սա, չի հասկանում, թե ինչ է նշանակում «հայրենիքը պետությունն է» կարգախոսը, և ինչ բացատրություն ունի, իսկ բացատրությունն այն է, որ վերջին առնվազն 6 դարում մենք ապրել ենք մի իրավիճակում, երբ մեր հայրենիքը եղել է Հայաստանը, իսկ պետությունը՝ Պարսկաստանը, հայրենիքը եղել է Հայաստանը, իսկ պետությունը՝ Օսմանյան կայսրությունը, հայրենիքը՝ Հայաստանը, իսկ պետությունը՝ Ռուսական կայսրությունը, հայրենիքը՝ Հայաստանը, իսկ պետությունը՝ Խորհրդային Միությունը: Եվ ինչպես պարզ թվարկումը ցույց է տալիս, պետությունը հիմնականում ատելի է եղել մեզ համար, իսկ հայրենիքը՝ խեղճ ու կրակ, ու այս սոցիալ-հոգեբանությունը մեզ համար դարձել է ձեռբերովի ռեֆլեքս, ատելություն պետության և նրա ատրիբուտների ու կառուցակարգերի նկատմամբ, հուսահատ և անկանոն սեր՝ հայրենիքի նկատմամբ: Սա է պատճառը, որ ընդդիմությունը հուսահատ աղաղակում է՝ ժողովո՛ւրդ, հասե՛ք, սրանք բյուջե են լցնում, որովհետև բյուջեն և հարկը պետության ատրիբուտ են, և հետևաբար, ենթագիտակցորեն կամ ձեռբերովի ռեֆլեքսի համաձայն՝ ատելի»,- ասաց նա:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.