Հայաստան–Ադրբեջան նոր սրացում և նոր պատերազմ չի լինելու. Փաշինյան |armenpress.am|

armenpress.am:  Հայաստան–Ադրբեջան նոր սրացում և նոր պատերազմ չի լինելու, լինելու է խաղաղություն: ԱԺ ամբիոնից այս մասին հայտարարեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը: 

«Մեր ասելիքն է մեր ճակատագիրը կառավարելու առաջնային գործիքը: Իսկ մենք ասում ենք՝ Հայաստան–Ադրբեջան նոր սրացում և նոր պատերազմ չի լինելու, լինելու է խաղաղություն»,–ասաց Փաշինյանը:

Իսկ, թե ինչպե՞ս՝ վարչապետն ընդգծեց, որ Հայաստանն ու Ադրբեջանը ճանաչել են միմյանց տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը, միջազգայնորեն ճանաչված սահմանների անխախտելիությունը, ուժի և ուժի սպառնալիքի կիրառման անթույլատրելիությունը: Նա հավելեց՝ ընդ որում, սա ոչ միայն քաղաքական, այլ նաև իրավական մակարդակում, որովհետև սահմանազատման հարցերով հանձնաժողովների գործունեության կանոնակարգը երկու երկրներում բարձրագույն իրավաբանական ուժ ունեցող փաստաթուղթ է: 

«Եվ այդ փաստաթղթում Ալմաթայի հռչակագիրը որպես սահմանազատման բազային սկզբունք ընդունելով՝ թե Հայաստանը, թե Ադրբեջանը Ալմաթայի հռչակագիրն ըստ էության դարձրել են ընդհանրապես հարաբերությունների կարգավորման բազային սկզբունք: Իսկ այդ հռչակագրում խորհրդային հանրապետությունների սահմանների անխախտելիությունը, միմյանց տարածքային ամբողջականության ճանաչումը, ներքին գործերին չմիջամտելը, ուժի և ուժի սպառնալիքի չկիրառումն են բազային սկզբունքներ»,–ասաց վարչապետը:

Փաշինյանը Հայաստանում ու Ադրբեջանում գործող բոլոր ուժերին կոչ արեց լինել ծայրահեղ պատասխանատու, չանել հայտարարություններ, որոնք ուղղակի կամ անուղղակի հակասում են այս տրամաբանությանը, կասկածի տակ չդնել այս տրամաբանությունը:

«Եվ հայտարարում եմ պաշտոնապես՝ ՀՀ կառավարությունը չի անելու հայտարարություններ ու գործողություններ, որոնք ուղղակի կամ անուղղակի հակասում են այս տրամաբանությանը կամ կասկածի տակ են դնում այս տրամաբանությունը: Եվ կոչ եմ անում Ադրբեջանի կառավարությանը՝ չանել հայտարարություններ ու գործողություններ, որոնք ուղղակի կամ անուղղակի հակասում են այս տրամաբանությանը կամ կասկածի տակ են դնում այս տրամաբանությունը»,–ասաց վարչապետը: 

Նա հիշեցրեց՝ Հայաստանն ու Ադրբեջանը միմյանց միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի նախագիծը համաձայնեցրել են, նախագծի համաձայնեցման շուրջ բանակցություններն ավարտվել են: Ըստ նրա՝ համաձայնագրի ստորագրման համար որևէ խոչընդոտ չկա:

«Համաձայնագրի տեքստը համաձայնեցված է, մոռացեք Հայաստան–Ադրբեջան էսկալացիայի և պատերազմի մասին: Հարավային Կովկասի պատմության նոր էջը պետք է բացենք միասին: Եվ մենք պատրաստ ենք միաժամանակ ստորագրել խաղաղության համաձայնագիրն ու Մինսկի խմբի կառույցները լուծարելու մասին Հայաստան–Ադրբեջան համատեղ դիմումը ԵԱՀԿ–ին»,–վերահաստատեց Փաշինյանը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.