Ապրիլի 16-ին Երևանի քաղաքապետարանում կայացավ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի, քաղաքապետարանի պատասխանատու ստորաբաժանումների ղեկավարների, Անաստաս Միկոյան 64 թաղամասի կառուցապատող «Ն ԵՎ Ս Քոնսթրաքշն» ՍՊԸ-ի ներկայացուցիչների և թաղամասի բնակիչների հանդիպումը։ Այս մասին հաղորդագրություն են տարածել Անաստաս Միկոյան 64-ի բնակիչները՝ ներկայացնելով մանրամասներ հանդիպումից։
«Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը վստահեցրեց, որ բնակիչների բարձրաձայնած 4000քմ մակերեսով առանձնացված և նոր՝ Անաստաս Միկոյան 64/7 հասցե ստացած հողամասը ներառված է կառուցապատման համաձայնեցված նախագծում, ըստ որի՝ այդ տարածքում նախատեսված է իրականացնել բացառապես կանաչապատման ու բարեկարգման աշխատանքներ: Բացի այդ, քաղաքապետը, հատուկ շեշտադրմամբ կառուցապատողի ներկայացուցիչներին վստահեցրեց, որ վերոնշյալ 4000քմ մակերեսով հողամասի վրա բացառվում է որևէ կառուցապատում՝ ընդգծելով ՀՀ հողային օրենսգքրի 60-րդ հոդվածով և 2024թ. հաստատված Երևան քաղաքի գլխավոր հատակագծով առկա սահմանափակումները:
Բնակիչներս, ողջունելով քաղաքապետարանի այս դիրքորոշումը, այնուամենայնիվ, հստակ ներկայացրինք թաղամասի շահառուների պահանջն առ այն, որ
- Անաստաս Միկոյան 64/7 հասցով առանձնացված 0,4հա մակերեսով հողամասը պարտադիր պետք է հետ միավորվի Անաստաս Միկոյան 64 հասցեում գտնվող 2,97055 հա մակերեսով հողամասին՝ այդ հասցեում ապահովելու գնման իրավունքի պայմանագրերով և համաձայնեցված նախագծով ծանրաբեռնված 3.37055 հա մակերեսով հողամաս:
- Պետք է տրամադրվեն հստակ երաշխիքներ շահագործման թույլտվության ստացման մասով՝ հաշվի առնելով այն, որ կառուցապատողը սնանկ է, իսկ թաղամասի շահագործման համար բազմաթիվ աշխատանքներ դեռ չեն կատարվել։
Կառուցապատող ընկերության ներկայացուցիչների կողմից փորձ արվեց առկա իրավիճակը մանիպուլյատիվ և կեղծ պնդումների միջոցով այլ կերպ ներկայացնել: Մասնավորապես, վերջիններս նշեցին, որ իբր իրենք գնորդներին կանչում են փոխանցման ակտեր ստորագրելու, սակայն գնորդները հրաժարվում են՝ չնշելով դրա իրական պատճառը:
Բնակիչներս ներկայացրինք, որ իրական պատճառն այն է, որ գնորդներին պարտադրվում է ստորացուցիչ պայմաններով փոխանցման ակտ, որը չի բխում օրենքի պահանջներից, այդ թվում՝
- շահագործման համար անհրաժեշտ աշխատանքներն իրականացված չլինելու պարագայում պարտք-պահանջ չունենալու հավաստում,
- համաձայնություն առ այն, որ գնորդը տեղյակ է և տալիս է իր համաձայնությունը՝ բակային տարածքում նոր շենքերի շինարարության կամ կառուցապատումների մասով,
- փոխանցման ակտում գնորդի ձեռք բերած ընդհանուր բաժնային սեփականությամբ իրեն փոխանցվելիք հողամասի մակերեսի 2.97055 հեկտարի նշում՝37055 հեկտարի փոխարեն, այսինքն՝ առանց առանձնացված 0.4 հեկտար հողամասի։
Քանի որ քաղաքապետը հստակ սահմանեց, որ Անաստաս Միկոյան 64/7 հասցեում գտնվող՝ առանձնացված 4000 քմ մակերեսով հողամասում բացի կանաչապատման և բարեկարգման աշխատանքներից երբեք որևէ այլ կառուցապատումների կամ շինարարության թույլտվություն չի տրվելու, մենք ուղիղ հարց տվեցինք կառուցապատողի ներկայացուցիչներին՝ արդյոք պատրա՞ստ են իրենք ինքնակամ լուծել այդ հողամասի նախնական առուվաճառքի ապօրինի կնքված պայմանագիրը՝ հաշվի առնելով, որ գնորդը նույնպես իրենց մեկ այլ ընկերությունն է:
Սակայն, ի պատասխան գնորդների ուղիղ հարցին, կառուցապատողի ներկայացուցիչները պնդեցին, որ այդ հարցն այլևս իրենց տիրույթում չէ, և այն պետք է քննարկել սնանկության կառավարչի հետ: Փաստվեց, որ կառուցապատող ընկերության ներկայացուցիչները, խուսանավելով ուղիղ պատասխանից, իրենց դիրքորոշումը այդ հարցի շուրջ չհայտնեցին՝ այդ հարցը տեղափոխելով սնանկության կառավարչի և գրավառու բանկի դաշտ:
Հաշվի առնելով կառուցապատողի անպատասխանատու վարքագիծն ու հարցին կամավոր լուծում տալու կամքի բացակայությունը, քաղաքապետին ներկայացրինք մեր պահանջի հիմքերն առ այն, որ՝
- հողամասի առանձնացման համար չի եղել որևէ իրավական կամ պայմանագրային հիմք (թույլատրելի են միայն ողջամիտ փոփոխություններ՝ պայմանավորված ենթակառուցվածքների կառուցման և դրանք համապատասխան հանրային ծառայություններ մատուցող ընկերությունների հաշվեկշռին փոխանցելու հանգամանքով),
- ավարտական ակտի տրամադրումից հետո չէր կարող տեղի ունենալ այս հողակտորի առանձնացումը և առանձին հասցեի տրամադրումը,
- քաղաքապետարանի կայացրած այս որոշումն է հնարավորություն ստեղծել հողամասի հետագա օտարման համար,
- հողամասի առանձնացմամբ տեղի է ունեցել նախագծային էական շեղում, որի չշտկման՝ նախագծով նախատեսված հողամասի ամբողջականության չվերականգնման դեպքում անհնարին է դառնում շահագործման ակտի տրամադրումը։
Բնակիչները բարձրաձայնեցին նաև բնակելի թաղամասի շահագործման թույտվության հետ կապված մյուս մտահոգությունները՝ պայմանավորված կառուցապատող ընկերության սնանկ լինելով և այդ պատճառով շահագործման համար նախագծով նախատեսված աշխատանքների իրականացմանն ուղղված գործընթացների բացակայությամբ։
Ի պատասխան՝ քաղաքապետը կրկին նշեց, որ մինչև նախագծով նախատեսված աշխատանքներն ամբողջությամբ չիրականացվեն, շահագործման թույլտվություն չի տրամադրվի:
Բնակիչներս քաղաքապետին փոխանցեցինք նաև այն բոլոր հնարավոր ուղիները, որոնցով քաղաքապետարանը կարող է հասնել վերոնշյալ պահանջների կատարմանը։
Քաղաքապետը առաջարկեց, որ կողմերի փաստաբանները հանդիպեն և քննարկեն հանդիպման արդյունքների մանրամասներն ու հնարավոր լուծման տարբերակները՝ պատրաստակամություն հայտնելով անհրաժեշտության դեպքում այդ գործընթացում ներգրավել նաև քաղաքապետարանի ներկայացուցիչներին։
Քաղաքապետը նաև նշեց, որ եթե կողմերը կարծում են, որ քաղաքապետարանը և անձամբ քաղաքապետը բարձրաձայնված խնդիրների լուծմանը հասնելու համար կարող են որևէ կերպ և որևէ տեղ միջնորդել՝ այդ թվում կառավարությունում, բանկում կամ այլ գործընկերներին, ապա իրենք պատրաստ են կատարելու հնարավոր ամեն բան:
Ողջունելով միջնորդության պատրաստակամությունը, մենք՝ Անաստաս Միկոյան 64-ի բնակիչներս, նշեցինք, որ քաղաքապետարանից առաջնային ակնկալում ենք իր գործողությունների արդյունքում առաջ եկած անարդարության վերացում, այն է՝ Անաստաս Միկոյան 64/7 հասցով առանձնացված 0,4հա մակերեսով հողամասի հետ միավորում Անաստաս Միկոյան 64 հասցեում գտնվող 2,97055 հա մակերեսով հողամասին։
Հայտնում ենք, որ այս հարցի լուծման ուղղությամբ ողջամիտ ժամկետներում էական առաջընթացի բացակայության դեպքում մեր իրավունքների և սեփականության համար պայքարը շարունակելու ենք նոր թափով և գործիքակազմով։
Այսպիսով, գնդակն այլևս քաղաքապետարանի և կառուցապատողի դաշտում է։
Հարգանքով՝
Անաստաս Միկոյան 64-ի բնակիչներ»:
Լուսանկարը՝ Երևանի քաղաքապետարանի, Անաստաս Միկոյան հ.64 հասցեում կառուցված համալիրի շահառուների և սնանկ ճանաչված կառուցապատող ընկերության ներկայացուցիչների՝ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի հետ հանդիպումից