Ըստ վկայի՝ եթե մինչ Հովիկ Գաբրիելյանի նահանջը տանկեր մոտեցած լինեին, ինքը դրանց ձայնը կլսեր

«Ես՝ Սարգիս Ադամյանս, ցուցմունք տալիս ասելու եմ ճշմարտությունը, ողջ ճշմարտությունը եւ չեմ ասելու ոչինչ, բացի ճշմարտությունից»,– Հակակոռուպցիոն դատարանում այսօր այսպես սկսվեց 44-օրյա պատերազմի ժամանակ ՀՀ ՊՆ 1-ին բանակային կորպուսի N զորամասի շտաբի պետի հարցաքննությունը։ Վերջինս ներկայացել էր դատարան՝ պատասխանելու Հովիկ Գաբրիելյանի վերաբերյալ գործող կողմերի հարցերին։

Գաբրիելյանը, հիշեցնենք, մեղադրվում է 2020 թ․ հոկտեմբերի 5-ին առանց վերադաս հրամանատարների գիտության եւ թույլտվության Ջրականի շրջանում պաշտպանության անցած ենթակա անձնակազմի հետ դեպի Հադրութ նահանջելու եւ այդ մասին իրենց աջ կողմում գտնվող յուրային ստորաբաժանումներին չտեղեկացնելու մեջ։ 

Յուրային ստորաբաժանումներից մեկն էլ, որի կազմում է եղել Սարգիս Ադամյանը, այդ նահանջի հետեւանքով ընկել է շրջափակման մեջ՝ կրելով մարդկային եւ նյութական կորուստներ։

Հովիկ Գաբրիելյանն առաջադրված մեղադրանքը չի ընդունում։

Ըստ վկայի՝ առաջին գրոհի ժամանակ հակառակորդի 10 տանկերից 4-ը խոցել են 

44-օրյա պատերազմի ժամանակ մայոր, այժմ փոխգնդապետ Սարգիս Ադամյանը դատարանին հայտնեց, որ Հովիկ Գաբրիելյանին ճանաչում է ծառայության բերումով, նրա հետ բարեկամական կամ թշնամական հարաբերություններ չունի։

Ադամյանի խոսքով՝ երբ հոկտեմբերի 3-ին տեղակայվել են Ջրականի տարածքում, հաջորդիվ հակառակորդի հետ մարտական գործողություններ են եղել 2 անգամ՝ հոկտեմբերի 4-ի երեկոյան եւ լույս 5-ի առավոտ։ Հանրային մեղադրող Դավիթ Նավասարդյանը խնդրեց նկարագրել մարտական գործողությունները․

– Հակառակորդի տանկային վաշտ է եղել՝ 10 տանկ, մեկ էլ շատ անձնակազմ՝ մոտ 200 հոգի, մենք 4 տանկը խոցել ենք, նկատի ունեմ՝ անձամբ տեսել եմ, որ 4 հատը վառվում է, դրանից հետո իրենք հետ են գնացել։

– Հակառակորդը գրոհում էր հենց դիմացի՞ց,- հարցրեց մեղադրողը։

– Այո, բայց հիմնականում մեզնից ձախ էին գնում։

– Այսինքն՝ գրոհել են նաեւ 2-րդ առանձին զրահատանկային գումարտակի վրա (խոսքը մեղադրյալ Հովիկ Գաբրիելյանի ղեկավարած գումարտակի մասին է,-հեղ․)։

– Այո։

– Իսկ Դուք վստհա՞հ եք, որ հակառակորդը հետո նահանջել է։

– Դե, հետ են գնացել, մինչեւ առավոտ՝ ժամը 6-ը, ոչ մի բան չի եղել։

– Քանիսի՞ն եք տեսել, որ հետ է գնացել։

– Չգիտեմ, բայց հաստատ քաշվել է հետ,- պնդեց վկան։

Ադամյանի խոսքով՝ եթե գիշերը այլ գրոհ լիներ, ինքը դրանից տեղյակ կլիներ

Սարգիս Ադամյանը հայտնեց, որ այդ գրոհի ավարտից հետո թիկունքի ապահովման պետը իրենց նոր հագուստ է բերել, քանի որ անձրեւ էր գալիս, եւ զորքը թրջվել էր։ Նաեւ սնունդ են մատակարարել Կուբաթլուից․ 

– Այս գիշեր էլ ոչինչ չի եղել, մեր զինվորներից մեկն է իր ոտքին կրակել, մեկ էլ իմ զրահատանկայինի պետը դասակի հրամանատարի հետ իջել է ձորակը՝ դեպի Սամվելավան, նրան մեջքից խփել են, դասակի հրամանատարը մենակ է հետ եկել,- ասաց վկան։

– Հրետակոծություն կա՞ր,- հարցրեց մեղադրող Նավասարդյանը։

– Չի եղել,- պատասխանեց վկան։

– Լռությո՞ւն էր։

– Անձրեւ էր։

– Իսկ մարտի ձայներ կոնկրետ 2-րդ առանձին զրահատանկային գումարտակի վայրից կայի՞ն։

– Նման բան չեմ հիշում։

– Մարտի արդյունքներն ո՞ւմ են զեկուցվել։

– Իմ զորամասի հրամանատարը (Համլետ Լեւոնյանն է, նրա ցուցմունքը՝ այստեղ,-հեղ․) զեկուցել է բանակային կորպուսի հրամանատարին, որ հարձակվել են, կանխել ենք, էդքան բան։

– Իսկ մարտի ընթացքում զեկույցներ եղե՞լ են։

– Ուշադրություն չեմ դարձել, ես էլ եմ եղել առաջնագծում, ինձ հետաքրքրում էր տվյալ պահին իմ գործողությունը։

– Որեւիցե զեկույց ստացե՞լ եք հակառակորդի կողմից թիկունք թափանցելու վերաբերյալ։

– Ես՝ չէ։

– Հնարավո՞ր է՝ զորամասի հրամանատարը ստացած լինի, դուք՝ չէ։

– Եթե տենց բան լիներ, ինձ կասեր։

Մեղադրողի այս հարցերը, ըստ էության, նպատակ ունեին պարզելու՝ թիկունք թափանցելու հավանականություն, դրա մասին զեկույց կամ խոսակցություն եղե՞լ է մինչ Գաբրիելյանի գումարտակի նահանջը թե՞ հակառակորդը կարողացել է ճեղքել, երբ նահանջի հետեւանքով բնագիծը դատարկ է մնացել։

– Որ ասում եք՝ գիշերվա ընթացքում հանգիստ էր, ռադիոկապով խոսակցություն լսե՞լ եք բանակային կորպուսի հրամանատարի եւ 2-րդ առանձին զրահատանկային գումարտակի միջեւ,- շարունակեց մեղադրողը։

– Չեմ լսել։

– Որեւիցե խոսակցություն նահանջելու մասի՞ն։

– Ես չեմ լսել։

– Հնարավո՞ր է՝ լինեն, բայց դուք չլսեք։

– Կարողա լինի, կարողա չլինի, չգիտեմ,- պատասխանեց վկան՝ միաժամանակ նշելով, որ իր մոտ, որպես շտաբի պետ, եղել է ընդհանուր ռադիոկապ, որը ապահովել է կապ ողջ բանակային կորպուսի միջեւ։

– Դիցուք՝ Հովիկ Գաբրիելյանը կապի դուրս գար կորպուսի հրամանատարի հետ, Դուք կլսեի՞ք։

– Հա, կլսեինք, շատ են եղել, որ դուրս են եկել, ինչը ինձ հետաքրքրել է, հուզել է, միջամտել եմ, ինչը չէ, ուղղակի լսել եմ։

Նշենք, որ ըստ պաշտպանական կողմի՝ նախքան նահանջը Գաբրիելյանը խոսել է բանակային կորպուսի հրամանատար Ժիրայր Պողոսյանի հետ, զեկուցել մարդուժի, զինամթերքի սակավության մասին։

Ըստ Սարգիս Ադամյանի՝ առավոտյան սկսվել է ավելի ուժեղ գրոհ

Վկա Սարգիս Ադամյանը պատմեց, որ հաջորդ գրոհը սկսվել է լուսաբացին, տեւել մոտ մինչեւ 11-ը․ «Երբ հարձակվել են, հրամանատարի հետ «Վիլիսի» մեջ եմ եղել, գռանատամյոտով խփեցին, շենքի վերեւի մասից քարը թափվեց, դուրս ենք եկել, դիրքավորվել, անձնակազմը դիրքավորված է եղել․․․ Տեխնիկա չկար, բայց հակառակորդը շատ էր՝ մի գումարտակ , մառախուղ էր, տեսանելիությունը շատ նոսր էր»։

Մեղադրող Դավիթ Նավասարդյանը խնդրեց հայտնել՝ երեկոյի՞ թե՞ լուսաբացի գրոհն էր ավելի վտանգավոր։ Ի պատասխան՝ վկան ասաց՝ առավոտվանը, քանի որ գրոհ է եղել նաեւ իրենց ձախ թիկունքից, զինամթերք արդեն չէին կարողանում մատակարարել։ Նավասարդյանը խնդրեց բացատրել՝ ո՞րն էր թիկունքից գրոհի առանձնահատկությունը․

– Դե, ապահովումներ չես կարողանում անել, չես կարողանում նահանջել, ընկել ես մսաղացի մեջ, այսպես ասած․․․

– Բա ինչո՞ւ մինչեւ ժամը 11-ը մնացիք։

– Չէինք կարողանում դուրս գալ։ Հետո Մեղրիի զորամասից մի գումարտակ եկավ, հետեւներս բացեց, որ կարողանանք։ Դուրս եկանք, անձնակազմը հանգստացավ, սնվեց, փոխվեց, հաջորդ օրը՝ ամսի 6-ին, զբաղեցրեցինք Խավսլիի վերեւի բարձունքները, 3 օր էլ այնտեղ մնացինք։

Վկային հարցեր հղեց նաեւ Հովիկ Գաբրիելյանի պաշտպան Վրեժ Խաչիկյանը։ Վերջինս հետաքրքրվեց՝ վկան տեսել կամ լսե՞լ է, որ գիշերվա ընթացքում հակառակորդի որեւէ տանկ մտնի ձորակը։ Պաշտպանը այսպիսով ցանկանում է վկայից պարզել՝ հնարավո՞ր է, որ թշնամու թիկունք անցնելը մինչեւ Գաբրիելյանի նահանջն է եղել եւ դրանով պայմանավորված չէ։ Վկան, սակայն, պատասխանեց, որ ինքը նման բան չի տեսել։

– Բայց տեղանքը տեսանելի՞ էր,- հարցրեց Խաչիկյանը։

– Չէ, տեսանելիություն չկար, տեղանքի ռելիեֆը խանգարում էր, բայց ձայնը կլսեինք, եթե տվյալ տարածքով անցներ․․․ Մեր բնագիծը մոտ 2 կմ էր, ես գտնվել եմ աջ հատվածում, տանկերը իմ առջեւով աջից եկել, գնացել են ձախ՝ Քուչակից դեպի Բանաձուրի խաչմերուկ։

– Հիմա եթե իջնեին, բլուրի հետեւը անցնեին, եւ էդտեղից բնագիծը հատեին, ձայնը կլսեի՞ք։

– Եթե մասնագետ ես, հա, հասկանում ես։

– Ինչո՞ւ եմ հարցնում։ Որովհետեւ մենք ունենք վկաներ, օրինակ՝ Կոլյա Դավթյանը, Հրաչյա Ղազարյանը, որոնք հայտնում են, որ տեսել են, որ 1-2 տանկ բնագիծ հատել եւ չեն վերադարձել։

– Ես չեմ տեսել։

– Բայց պնդում եք, որ կլսեիք։

– Այո։

– Սուր լսողություն ունեք։

Վրեժ Խաչիկյանը հետաքրքրցվեց՝ հնարավո՞ր է, որ աջ կողմում յուրային ստորաբաժանումները լիարժեք զբաղեցրած չլինեն բնագիծը, ինչին վկան դրական պատասխանեց՝ չբացառելով, որ թշնամին կարող էր իրենց նաեւ այդ կողմով շրջափակման մեջ գցել։ Պաշտպանը պատասխանի համար շնորհակալություն հայտնեց։

Նա նաեւ հետաքրքրվեց, թե անձրեւից հետո ինչպես են նոր հագուստներով ապահովվել, դա պիտի՞ արվեր, թե՞ իրենք են նախաձեռնել։ Ի պատասխան՝ վկան ասաց, որ պիտի արվեր, իրենց թիկունքի պետն է բերել, ինչ որ գտել է, մեծամասնությունը՝ քաղաքացիական հագուստ է եղել, ոչ թե համազգեստ։ Վրեժ Խաչիկյանը տեղեկացրեց՝ Գաբրիելյանի ստորաբաժանմանը նման մատակարարում չի արվել, ինչն էլ ազդել է զորքի բարոյահոգեբանական վիճակի վրա։

Այսօրվա դատական նիստը հետաձգվեց դատարանի ծանրաբեռնվածությամբ պայմանավորված։ Վկայի հարցաքննությունը կշարունակվի մայիսի 6-ին։

 

Միլենա Խաչիկյան

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.