ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը ներողություն է խնդրել 2023 թվականի ադրբեջանական ագրեսիայի հետևանքով զոհերի սխալ թիվ ասելու համար։
«Այսօրվա իմ հարցազրույցի ժամանակ, անդրադառնալով 2023 թվականի ադրբեջանական ագրեսիային, սխալմամբ 210 զոհի փոխարեն նշել եմ 10 զոհի մասին»,- ասվում է նրա հայտարարության մեջ։ Նրա խոսքով՝ «որևէ միտում չի եղել»։ «Խոնարհվում եմ բոլոր նահատակների հիշատակի առջև»,- նշել է Սուքիասյանը։
Երեկ 24News-ի հետ զրույցում պատգամավորը հայտարարել էր, թե արցախցիները 2023-ին չեն կռվել. «Մի 10 հոգի ղարաբաղցիա զոհվել 2023-ին, Ալեն Սիմոնյանը ճիշտ էր ասում՝ թող մնային ու կռվեին»:
Արցախի տեղեկատվական շտաբը հայտարարություն է տարածել Սուքիասյանի հայտարարության վերաբերյալ՝ ընդգծելով, որ նա «հերթական հոգեբանական ահաբեկչությանն է ենթարկել 2023 թվականի սեպտեմբերին ադրբեջանական ագրեսիան հերոսաբար դիմակայած զինծառայողներին և կամավորներին, զոհվածների, անհետ կորածների և գերեվարվածների հարազատներին»:
«Ընդ որում, իշխանական պատգամավորը ոչ միայն սեփական թյուր կարծիքն է արտահայտել Արցախի ժողովրդի պայքարի վերաբերյալ, այլև արդարացրել է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի կողմից նախկինում արված հայտարարությունը, թե արցախցիները պետք է մնային և կռվեին:
Արցախի իշխանությունները խիստ դատապարտում են ՀՀ ԱԺ պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի անպատասխանատու պահվածքը, որը պարունակում է արցախցիների նկատմամբ ատելության, ներազգային պառակտման տարրեր:
Ստիպված ենք կրկին հիշեցնել, որ 2023-ի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի կողմից Արցախի նկատմամբ սանձազերծված ռազմական գործողությունների ընթացքում զոհվել է 265 զինծառայող, 21 խաղաղ բնակիչ, անհետ կորել 14 քաղաքացի:
Փառք ու պատիվ հայրենիքի նվիրյալներին…»,- նշվում է հայտարարության մեջ: