azatutyun.am: ԱՄՆ պետքարտուղարն նախօրեին հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի արտգործնախարարի հետ։
Պետդեպարտամենտի փոխանցմամբ, Մարկո Ռուբիոն Սերգեյ Լավրովին է փոխանցել Փարիզում ուկրաինական պատվիրակությանն ու եվրոպացի դաշնակիցներին հղած ուղերձը. ԱՄՆ նախագահն ու Միացյալ Նահանգները ցանկանում են, որ այս պատերազմն ավարտվի, և բոլոր կողմերին ներկայացրել են տևական խաղաղության ուրվագծերը։
Ապրիլի 17-ին Ուկրաինայի առանցքային դաշնակիցներ Ֆրանսիան, Գերմանիան և Մեծ Բրիտանիան Փարիզում հանդիպումներ են ունեցել ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյաների հետ՝ քննարկելու Ուկրաինայում հրադադարի հարցն ու ներկայացնելու իրենց մոտեցումները:
Փարիզի հանդիպումը ցույց է տալիս, որ խաղաղությունը հնարավոր է, եթե բոլոր կողմերը պարտավորվեն համաձայնության գալ, ասված է ԱՄՆ պետդեպարտամենտի հայտարարությունում։
Ռուսաստանի արտգործնախարարության փոխանցմամբ, Լավրովը հաստատել է ամերիկացի գործընկերների հետ աշխատելու Մոսկվայի պատրաստակամությունը՝ «ուկրաինական ճգնաժամի հիմնական պատճառները հուսալիորեն վերացնելու ուղղությամբ»։
Լավրովն ու Ռուբիոն պայմանավորվել են պահպանել արագ հաղորդակցությունը, այդ թվում՝ «հաջորդ շաբաթ ուկրաինական կողմի հետ ամերիկացիների և եվրոպացիների նախատեսած հանդիպումների համատեքստում»։
Փարիզյան հանդիպումներին ֆոնին Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովն ասել էր, որ ուկրաինական հակամարտության կարգավորմանն առնչվող հարցերը դժվար են առաջ գնում, և Ռուսաստանն առայժմ կենտրոնացած է ամերիկացիների հետ իր շփումների վրա: Խոսելով Փարիզի հանդիպման մասին՝ Պեսկովը նշել էր, որ կքննարկվեն ուկրաինական կարգավորման տարբեր ասպեկտներ: