civilnet.am: 2020-ի 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի զեկույցը կներառվի ԱԺ աշնանային նստաշրջանի լիագումար նիստում։ Այս մասին հայտարարել է հանձնաժողովի նախագահ, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը՝ ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ։
Հարցին, թե ինչո՞ւ ավելի շուտ զեկույցը չեն ներառում ԱԺ լիագումար նիստ, Քոչարյանը մեկնաբանեց, որ սեպտեմբերին քաղաքական և բոլոր առումներով կրքերը հանգստացած կլինեն, բացի այդ, ըստ Քոչարյանի, ընտրված շրջանը սիմվոլիկ է։
«Քանի որ սեպտեմբերի 27-ը շաբաթ է, լիագումար նիստը կսկսվի 30-ին։ ԱԺ նախագահը հարցը կներառի խորհրդի նիստում և օրը վերջնական կորոշվի։ Կարծում եմ շատ կարևոր է, որ հենց այդ օրը ներկայացվի լիագումար նիստում, քանի որ շատ կարևոր, սիմվոլիկ օր է (սեպտեմբերի 27-ին սկսվել է 44-օրյա պատերազմը)»,- ասել է Քոչարյանը։
Անդրանիկ Քոչարյանի խոսքով, զեկույցը լինելու է գաղտնի բաժնում, հաշվի առնելով գաղտնիության ծավալը՝ նիստը լինելու է դռնփակ։ Զեկույցը հասանելի է լինելու պատկան մարմիններին։
44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովն աշխատանքների ավարտի մասին հայտարարել էր 2024-ի սեպտեմբերին։ Անդրանիկ Քոչարյանն այն ժամանակ հայտարարել էր, որ հոկտեմբերին նամակով դիմելու է խորհրդարանի նախագահին դռնփակ նիստ հրավիրելու համար, և ներկայացվելու էր «մի քանի հարյուր էջից բաղկացած զեկույցը»։ Նա նաև ասել էր, որ հանրությունը կկարողանա ծանոթանալ հատվածների, բայց ոչ ամբողջական զեկույցին, քանի որ փաստաթուղթը գաղտնի տեղեկություն է պարունակվում։
2022-ի փետրվարին «Քաղաքացիական պայմանագրի» նախաձեռնությամբ Ազգային ժողովում ստեղծվեց 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողով, որի կազմում ընդգրկված են պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի անդամները։ 11 հոգանոց հանձնաժողովի անդամներից 7-ը ՔՊ խմբակցությունից են։ Խորհրդարանի ընդդիմադիր խմբակցությունները՝ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքները, հրաժարվել են մասնակցել հանձնաժողովի աշխատանքներին՝ այն համարելով քաղաքական պատվեր կատարող մարմին։