Պետության և հասարակության համատեղ պատասխանատվությունն է պահպանել մեր հուշարձանները. ԿԳՄՍ նախարար

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի շնորհավորական խոսք է հղել Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրվա կապակցությամբ:

«Ապրիլի 18-ին աշխարհը նշում է Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրը՝ որպես հիշեցում մեր անցյալի արժեքների պահպանման կարևորության մասին։ Այս օրը կոչ է արժևորելու մեր ազգային ինքնությունը վկայող հուշարձաններն ու մշակութային արժեքները և միասնաբար խնամելու, պահպանելու ու փոխանցելու դրանք ապագա սերունդներին։

Հայաստանի Հանրապետության տարածքում գրանցված են շուրջ 25 000 պատմության և մշակույթի անշարժ հուշարձաններ։ Մեր հարուստ և բազմազան ժառանգությունը պահպանելու և հանրահռչակելու նպատակով յուրաքանչյուր տարի իրականացվում են հուշարձանների ամրակայման, նորոգման և վերականգնման աշխատանքներ, ինչպես տարեցտարի ավելացող պետական հատկացումներով, այնպես էլ պետություն-մասնավոր համագործակցությամբ։ Սա վկայում է այն մասին, որ հուշարձանների պահպանումը յուրաքանչյուրիս պարտքն է, և դա հնարավոր է լավագույնս իրականացնել պետություն-քաղաքացի միասնությամբ ու համախոհությամբ: Մեր մասնագետները հետևողական աշխատանքներ են իրականացնում նորահայտ հուշարձաններ գրանցելու, դրանք հիմնական ցուցակում ընդգրկելու ուղղությամբ, միջազգային կառույցների հետ ակտիվ գործընկերության և շարունակական ջանքերի շնորհիվ մեր արշավախմբերը խոշոր պեղումների միջոցով առավել հարստացնում են մեր պատմությունը, հետևողականորեն պատրաստվում են հայտեր՝ մեր համամարդկային նշանակության հուշարձանները ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում ընդգրկելու նպատակով: Ոլորտում շարունակվում է իրավական բարեփոխումների շարքը:

Պետության և հասարակության համատեղ պատասխանատվությունն է պահպանել մեր հուշարձանները, և հատկապես զարգացնել մշակութային ժառանգության պահպանության կրթությունը և խրախուսել նոր սերունդներին սիրել ու արժևորել սեփական պատմությունը։ Յուրաքանչյուրիս ջանքը կարևոր է:

Շնորհավորում եմ բոլորիս Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրվա առթիվ: Հուշարձանների պահպանության ոլորտի աշխատակիցներին մաղթում բեղուն աշխատանքային գործունեություն և նորանոր ձեռքբերումներ: Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պահապանները, վերականգնող մասնագետները, հնագետները մեր ժառանգությունը պահպանող, սերունդներին փոխանցող և հանրայնացնողներն են, որոնց առաքելությունը միտված է ազգային և համամարդկային պատմամշակութային ժառանգության պահպանմանը։

Ճանաչե՛նք, պահպանե՛նք ու ժառանգե՛նք սերունդներին մեր պատմության և մշակույթի հուշարձանները, որոնք նաև համաշխարհային մշակույթի մաս են:

Մեկ անգամ ևս շնորհավորում և մաղթում եմ արդյունավետ ու արգասաբեր գործունեություն»,- ասել է նախարարը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.