Մի խումբ արցախցիներ բողոքի ակցիա են իրականացնում Երևանում Արցախի ներկայացուցչության դիմաց՝ արցախցիների սոցիալական խնդիրներին լուծումներ տալու պահանջով։
Ակցիայի կազմակերպիչներից Արթուր Օսիպյանի խոսքով՝ խնդրի լուծման ճանապարհը Արցախից թալանած գումարների միջոցով է։ «Չենք կարող ամբողջ թալանն իմանալ, բայց գիտենք էդ ահռելի թալանի փաստաթղթերի մի մասը, որոնք ներկայացվել են Դատախազություն տարիուկես առաջ, որոշ դրվագներով գործեր կան հարուցված, օդից կախված, որոշ դրվագներ դեռ քննության մեջ են։ Ինձ էլ են հրավիրել Քննչականից, ներկայացրել եմ ինչպես են ձեւավերված կոռուպցիոն սխեմաները»,- ասաց Օսիպյանը։
Նա ներկայացրեց, թե ինչ են պահանջում Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանից․
«Կամ դուրս արի, ասա՝ ոնց ես էս ժողովրդի հոգսերը քաշում, կամ եթե չես կարա, մենք ենք ասում՝ ինչ անես։ Իջնում ես Դատախազություն, որպես պատասխանատու, դատախազին ժողովրդի անունից ասում, որ էդ թալանած փողերի դատաիրավական պրոցեսներն արագացնեն, որպեսզի վերադարձնեն ժողովրդին։ Էդ թալանողների անունը, էդ 467 մլն դոլարը, գնացել է 48 ընտանիքի»,- ասաց Օսիպյանը։
Ինչ-որ պահի ակցիայի մասնակիցները փորձեցին ներկայացուցչության դարպասների վրայով ներս անցնել, սակայն չկարողացան։
Ակցիայի մասնակիցների մոտ եկավ Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը, խոսեց նրանց հետ, ակցիայի մասնակիցներից մի քանիսը մտան ներկայացուցչության շենք՝ իրենց հարցերի պատասխանները ստանալու։
Արցախցիների հետ մոտ կես ժամ հանդիպումից հետո Արցախի վերջին նախագահ Սամվել Շահրամանյանը դուրս եկավ շենքի բակ եւ բարձրախոսով դիմեց հավաքվածներին։
«Ուզում եմ տեղեկացնել էսօրվա իրավիճակի պատասխանատուների մասին։ Էսօրվա կազմակերպիչները բազմիցս հնարավորություն են ունեցել ինձ հետ հանդիպելու, ես տասնյակ անգամ հանդիպել եմ նրանց հետ, ներկայացուցչությունում, դրսում, հինգ հոգով, տասը հոգով, մանրամասն ներկայացրել իրավիճակը, նրանք ներկայացրել են այսպես կոչված թալանի վերադարձի հետ կապված խնդիրները։ Եթե ձեր ակցիան իրոք իրականում ունի նպատակ՝ վերադարձնելու այդ թալանը, ես ողջունում եմ այս ակցիայի բոլոր մասնակիցներին»,- ասաց Շահրամանյանը։
Արցախի նախագահը շեշտեց՝ ինքն էլ է ուրախ նման նախաձեռնությանը համար, ինքն էլ կողմ, որ թալանը պետք է վերադարձվի ժողովրդին․ «Այդ նպատակով 2023 թվականի նոյեմբերի 8-ին համապատասխան գրություն եմ գրել դատախազ տիկին Վարդապետյանին, դրա հիման վրա ՔԿ-ում եւ Հակակոռուպցիոն կոմիտեում հարուցվել է քրեական գործ, ես հրավիրվել եմ որպես վկա հարցաքննության։ Առգրավվել են ներդրումային հիմնադրամի կրիչները, մինչեւ 1000 դրամ իրենք տեղյակ են՝ ինչ է կատարվել Արցախի ներդրումային հիմնադրամում։ Քրգործերի շրջանակում հարցաքննվել են նաեւ պետպաշտոնյաներ, հիմնադրամի տնօրեն եւ այլ պաշտոնյաներ»։
Ինչ վերաբերում է ակցիայի մասնակիցներին իր միանալուն, ապա Շահրամանյանը դրա անհրաժեշտությունը չի գտնում։ Նա նշեց՝ սա քաղաքացիական ակցիա է, ինքը միայն ողջունում է, որ հանրային ճնշում լինի իրավապահ համակարգի վրա՝ այս հարցերին իրավական լուծում տալու համար։
Օսիպյանը հարցրեց՝ ինչ լուծում է տեսնում Շահրամանյանը սոցիալական ծրագրերից զրկվող արցախցիների սոցիալական վիճակի հարցում։
«Տեղյակ եք, որ բռնի տեղահանվելուց հետո սոցիալական բոլոր հարցերի պատասխանատվությունն իր վրա վերցրել է ՀՀ կառավարությունը։ Մենք որեւէ հնարավորություն՝ ազդելու այդ որոշումների վրա, մշակելու, հաստատելու, չունենք։ Մենք մեր բոլոր հնարավորություններն օգտագործել ենք՝ հասցնելու, որ ժողովուրդը գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում, եւ էս 50-հազարականները դադարեցնելու դեպքում նաեւ հայտնվելու են փողոցներում։ Մենք էլ ունենք էդ խնդիրը՝ մեր ժողովրդի սոցիալական հարցերը լուծելու, բայց էդ հնարավորությունը չունենք»,- ասաց Արցախի նախագահը։
Ակցիայի մասնակիցների ու Շահրամանյանի միջեւ հարցուպատասխանից հետո նոր պայմանավորվածություն ձեռք բերվեց, որ երկուշաբթի առավոտյան ակցիայի նախաձենող խումբը հանդիպում կունենա Շահրամանյանի հետ, առաջարկներ կներկայացնի։