Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման եւ զարգացման միջազգային բանկի միջեւ «Առողջության համապարփակ ծածկույթի ներդրման ծրագիր» վարկային համաձայնագիրը ստորագրվել է 2024 թվականի հուլիսի 25-ին: Այս մասին տեղեկանում ենք ԱԺ հաղորդագրությունից։
«Համաձայնագրով նախատեսվում է բանկի կողմից Հայաստանին տրամադրել 102,000,000 եվրո վարկ՝ առողջության համապարփակ ծածկույթի ներդրման ծրագրի իրականացման համար: Ծրագրի նպատակն է բարելավել առաջնային առողջապահության որակը, բարձրացնել առողջապահության պետական ծախսերի արդյունավետությունը եւ նվազեցնել առողջապահական ծառայություններից օգտվելու ֆինանսական խոչընդոտները: Այս մասին ասել է ՀՀ առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանը՝ Ազգային ժողովի քննարկմանը ներկայացնելով ««Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման եւ զարգացման միջազգային բանկի միջեւ «Համընդհանուր առողջապահական ծածկույթի ծրագրի իրականացում» վարկային համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը: Վարկային ծրագրի նպատակներն են՝ աջակցել Հայաստանի Հանրապետությանը, մասնավորապես՝ ՀՀ առողջապահության նախարարությանը Առողջության համապարփակ ապահովագրության ներդրման ընթացքում, բարելավել առաջնային բժշկական օգնության որակը եւ իրագործումը, բարձրացնել երկրի առողջապահական ծախսերի արդյունավետությունը եւ նվազեցնել առողջապահական ծառայություններից օգտվելու ֆինանսական խոչընդոտները բնակչության շրջանում:
Նշվել է, որ վարկը հիմնականում օգտագործվելու է Առողջության համապարփակ ապահովագրության ներդրման նպատակով:
Փոխնախարարի տեղեկացմամբ 102,000,000 վարկի տոկոսադրույքի տեսակը լողացող է, վարկի մարման ժամկետը՝ 25 տարի, որից արտոնյալը՝ 15 տարի:
Վարկի սպասարկման գծով վճարումները կատարվելու են կիսամյակային կտրվածքով՝ յուրաքանչյուր տարվա հունվարի 15-ին եւ հուլիսի 15-ին, իսկ մայր գումարի մարումն իրականացվելու է՝ սկսած 2039 թվականի հուլիսի 15-ից մինչեւ 2049 թվականի հունվարի 15-ը՝ վարկի գումարի 5 տոկոս հավասարաչափ չափաբաժիններով:
Ծրագիրը գործելու է մինչեւ 2029 թվականի սեպտեմբերի 30-ը:
ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արսեն Թորոսյանը ներկայացրել է հանձնաժողովի դրական եզրակացությունն օրենքի նախագծի վերաբերյալ: Հանձնաժողովի նախագահը կարեւորել է օրենքի նախագծի ընդունումը՝ նշելով, որ այն նպաստելու է ոլորտում կարեւոր բարեփոխման իրականացմանը: «Կարծում եմ, որ նաեւ օգտագործելով մեր խորհրդարանական վերահսկողական գործիքները, մեր հանձնաժողովը, մյուս հանձնաժողովները, պետք է նաեւ ընթացիկ տեղեկություն ստանան, թե ինչպես է բարեփոխումն առաջ գնում, որպեսզի նաեւ վստահ լինենք, որ մասնահումները ճիշտ են կատարվում»,- ընդգծել է հանձնաժողովի նախագահը:
ԱԺ «Հայաստանե խմբակցության դիրքորոշումը համաձայնագրի վերաբերյալ ներկայացրել է Արթուր Խաչատրյանը: Ըստ նրա՝ անհասկանալի է՝ նշված վարկը բյուջետայի՞ն է, թե՝ ծրագրային, ինչը խնդրահարույց է:
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անունից ելույթ է ունեցել Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Ծովինար Վարդանյանը: Անդրադառնալով գործընկերների հարցադրումներին՝ նա ընդգծել է, որ բարեփոխումը բավականին մեծածավալ է, որի իրականացման համար գումարներ են անհրաժեշտ լինելու: Պատգամավորը նշել է՝ խմբակցությունը հանդիպումներ է ունեցել նաեւ մասնավոր հատվածի հետ՝ հարցը վերլուծելու, նրանցից նաեւ առաջարկներ ստանալու համար:
Եզրափակիչ ելույթում Լենա Նանուշյանն անդրադարձել է բարձրացված հարցերին, տվել պարզաբանումներ:
Համաձայնագիրը քննարկվել է Ազգային ժողովի՝ ապրիլի 18-ի հերթական նիստում»,- նշված է հաղորդագրության մեջ: