Իրանը Ռուսաստանին համարում է իր գլխավոր և ռազմավարական գործընկերը․ Արաղչի |armenpress.am|

armenpress.am: Իրանը Ռուսաստանին համարում է  իր ռազմավարական գործընկերը: Իրան-Ռուսաստան հարաբերություններն այժմ ավելի սերտ և ամուր են, քան երբևէ։ Այս մասին Մոսկվայում իր ռուսաստանցի գործընկեր Սերգեյ Լավրովի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին։

Mehr լրատվական գործակալության տեղեկացմամբ՝ Մոսկվայում Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպման ժամանակ Իրանի բարձրաստիճան դիվանագետ Աբբաս Արաղչին շնորհակալություն է հայտնել Ռուսաստանին իրանական պատվիրակությանը ջերմ հյուրընկալելու համար՝ հավելելով, որ «երեկ ես շատ լավ և երկար հանդիպում ունեցա պարոն Պուտինի հետ և նրան փոխանցեցի Իսլամական հեղափոխության առաջնորդի գրավոր ուղերձը»։

«Սա և՛ ուղերձ էր պարոն Պուտինին, և՛ ողջ աշխարհին, որ Իրանը Ռուսաստանին համարում է իր գլխավոր և ռազմավարական գործընկերը և խորհրդակցում է կարևոր հարցերի շուրջ», – նշել է Արաղչին Լավրովի հետ հանդիպմանը։

«Իրանի և Ռուսաստանի միջև հարաբերությունները, թերևս, երբեք այսքան սերտ և ամուր չեն եղել պատմության ընթացքում: Մենք վերջերս Մոսկվայում ստորագրեցինք համապարփակ ռազմավարական պայմանագիր, որն ընդլայնեց և բարձրացրեց մեր հարաբերությունները շատ ավելի բարձր մակարդակի», – հավելել է նա:

Արաղչին նշել է, որ այդ պայմանագիրը ստեղծում է երկու երկրների նոր հարաբերությունների հիմքերը, և ամենակարևորը «երկարաժամկետ հեռանկար է տալիս այս հարաբերություններին»։

«Մենք այսօր շատ հարցեր ունենք խորհրդակցելու և կարծիքներ փոխանակելու թե՛ երկկողմ հարաբերություններում, թե՛ տարածաշրջանային, թե՛ միջազգային կարևոր հարցերում», –  եզրափակել է իրանցի նախարարը։

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության տեղեկացմամբ՝  ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն իրանցի գործընկերոջ հետ բանակցությունների բացման խոսքում գոհունակություն է հայտնել Աբբաս Արաղչիի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպման առնչությամբ՝ նշելով, որ հանդիպումն ընդգծել է երկկողմ քաղաքական երկխոսության աննախադեպ դինամիկան։

«Նախագահ Մ. Փեզեշքիանի այցի ընթացքում ստորագրվեց պատմական միջպետական ​​պայմանագիր, որը հաստատեց մեր գործընկերության ռազմավարական բնույթը։ Այս տարվա ապրիլի 16-ին մենք ավարտել ենք այս կարևորագույն փաստաթղթի վավերացման գործընթացը Ռուսաստանի Դաշնային ժողովում։ Համաձայնագիրն ամուր հիմքեր է ստեղծում երկկողմ հարաբերություններում մեր համագործակցության հետագա որակական ընդլայնման և միջազգային ասպարեզում համակարգման համար», – ասել է Լավրովն՝ անդրադառնալով երկու երկրների միջև ստորագրված միջպետական պայամանագրին։

Ապրիլի 17-ին Պուտինը Կրեմլում ընդունել էր Արաղչիին։ Ավելի վաղ Արաղչին հայտնել էր, որ իր այցի հիմնական նպատակն Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի գրավոր ուղերձի փոխանցումն է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.