Այսպիսի պահվածքը, որ մենք զգում ենք մեզ օտար, անթույլատրելի է. Շահրամանյան

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձավ թալանի վերաբերյալ արվող տարբեր հայտարարություններին ու նշեց, որ այդ թալանը պրոյեկտում են բոլոր արցախցիների վրա, սակայն, նրա խոսքով, մի խումբ մարդիկ օգտվել են էդ ամենից, բայց արցախցիներն այսօր կրում են այդ պատասխանատվությունը բոլորի համար։

Հարցին՝ ինչ թալանի մասին է խոսքը, ովքեր են մի խումբ մարդիկ, որոնք օգտվել են այդ թալանից, Շահրամանյանը պատասխանեց, որ Ներդրումային հիմնադրամը տեղափոխվելուց հետո չի գործում, խոսքը Արցախում տեղի ուենցած գործողությունների մասին է․ «Հիմա բոլորին մեղադրում են թալանի մեջ, բայց դա պետք է ստանա իրավական գնահատական։ Ինձ մոտ եկած մարդիկ իմ ուղղությամբ որևէ մեղադրանք չեն հնչեցրել։ Ուզում եմ դիմել ժողովրդին, տարբեր քննարկումներ են գնում, որ Արցախի նախագահն ապրում է դղյակներում, ունի բիզնեսներ, տաքսի սերվիսներ, էս ամենը ճշմարտությանը չի համապատասխանում։ ես Երևանում ապրում եմ 2 սենյականոց բնակարանում, իմ հինգհոգանոց ընտանիքում»։

Շահրամանյանն ասաց, որ քրեական վարույթի շրջանակում հարցաքննվել է 2024-ի փետրվարին որպես վկա ՔԿ-ում և Հակակոռուպցիոն կոմիտեում։ Նա նշեց, որ տեղյակ չէ, թե ովքեր են «թալանողները», նրա խոսքով՝ այդ գնահատականը պետք է տա իրավապահ համակարգը։

Դիտարկմանը, որ Շահրամանյանի անունը կապվում է ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանի հետ, Արցախի նախագահն արձագանքեց․ «Ես երկար տարիներ ազգային անվտանգության համակարգում եմ աշխատել, պարոն Աբազյանի հետ ծանոթ ենք, գործընկերային հարաբերություններ ունենք, այդ հարաբերություններն ուղղված են նաև մեր ժողովրդի որոշակի հարցերի լուծմանը՝ հաշվի առնելով, որ պարոն Աբազյանը հանդիսանում է գերիների, անհետ կորածների հանձնաժողովի ղեկավարը»։

Հարցին՝ հրապարակելո՞ւ է այն անունները, որոնք Ներդրումային հիմնադրամից գումար են ստացել և գումարի թիվը, Շահրամանյանն ասաց, որ իրենք դեմ չեն հրապարակումներին, բայց այդ տվյալները որոշակի գաղտնիք են պարունակում։ Միաժամանակ, նա նշեց, որ նախաքննություն է ընթանում, և չեն ուզում խանգարել այդ ընթացքին։

«Ես հրավիրել եմ ակցիայի կազմակերպիչներին, պատրաստ եմ կազմակերպել իրենց հանդիպումները ուժային կառույցների ներկայացուցիչների հետ, իրենք կստանան սպառիչ պատասխաններ, կներկայացնեն հանրությանը։ Եթե ուժային կառույցները, ի դեմս Դատախազության, դեմ չեն լինի նման հրապարակումների, մենք պատրաստ ենք տրամադրել այդ տեղեկությունները»։

Հարցին, թե ՀՀ իշխանության կողմից ճնշումներ կա՞ն, Շահրամանյանը պատասխանել. «Բռնի տեղահանումից հետո մենք մինչև այսօր իշխանության ներկայացուցիչների հետ որևէ առնչություն չունենք։ Եթե դուք դա համարում եք ճնշում, ուրեմն կա ճնշում։ Ես գտնում եմ, որ մեզ հետ պետք է հաշվի նստել, բոլոր սոցիալական խնդիրներն ունեն իրենց լուծումները, մենք պատրաստ ենք այդ լուծումների շրջանակում աջակցել ՀՀ կառավարությանը, և այսպիսի պահվածքը, որ մենք զգում ենք մեզ օտար, սա անթույլատրելի է»։

Նա նաև ասաց, որ անձնական ճնշումներ չի զգում։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.