civilnet.am: Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը դիմել է Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնին՝ հոգեբաններից մասնագիտական խումբ ձևավորելու և երեխաների վրա վնասակար խաղերի հնարավոր ազդեցության վերաբերյալ ուսումնասիրություն անելու համար։ «Կարմիր դուռ, դեղին դուռ» խաղի՝ դպրոցներում տարածման կանխարգելման վերաբերյալ հարցին ի պատասխան՝ ՍիվիլՆեթին ասաց ԿԳՄՍՆ Հանրակրթության վարչության պետ Թամարա Սարգսյանը։
«Իրավիճակը հետևյալն է․ խաղի վերաբերյալ իրականում նախարարությունը պաշտոնապես ոչ զանգով, ոչ պաշտոնական, որևէ ձևով ահազանգեր չի ստացել։ Բնականաբար, ոչ պաշտոնական աղբյուրներից տեղյակ ենք, որ այս խաղը գնալով դպրոցներում տարածում է ստանում և ծնողների շրջանում անհանգստություն է առաջացնում»,- ասաց Սարգսյանը։
Սարգսյանի խոսքով՝ իրազեկումը պետք է զգույշ իրականացնել․ «Որպեսզի ավելորդ լրացուցիչ հետաքրքրություն չառաջացնի խաղի նկատմամբ և չստացվի այնպես, որ ավելի մեծացնում է հետաքրքրվածությունը։ Դրա համար մասնագիտական կարծիք ունենալուց հետո դպրոցներում համապատասխան մասնագետների, հոգեբանների և մասնագիտական խմբերի ներգրավմամբ կփորձենք հնարավոր ազդեցությունների մասին ներքին իրազեկման աշխատանքներ»։
«Կարմիր դուռ, դեղին դուռ» խաղը տարածվել է հիմնականում TikTok-ով ու YouTube-ով՝ որպես «միստիկ» փորձառություն։ Խաղը նման է մեդիտացիայի ու հիպնոսի խառնուրդի, և դրան մասնակցող երեխաները կամ դեռահասները ընկնում են երևակայական միջավայր։ Խաղը նման է ինքնահիպնոսի։ Կարող է առաջացնել սարսափ, տագնապ, ուժեղ անհանգստություն, նույնիսկ վնասել հոգեկան առողջությանը։