ՀՀ-ում արդարադատության ուշացման պատճառներից մեկը բովանդակային խզումն է արդարադատության և հասարակության միջև. Փաշինյան |news.am|

news.am: Հայաստանում արդարադատության ուշացման հարցը խորքային է, և պատճառներից մեկը կառուցակարգային ու բովանդակային խզումն է արդարադատության և հասարակության միջև։ Այս մասին, այսօր՝ ապրիլի 21-ին, Երևանում ընթացող «Արդարադատությունը որպես արդարության հասնելու գործիք» խորագրով համաժողովին այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչու է ուշանում արդարադատությունը։

«Կարծում եմ, որ պատճառներից մեկը, որը ընկած է հարցադրման հիմքում, նաև այն է, որ Հայաստանի Հանրապետությունում կառուցակարգային և բովանդակային որոշակի խզում կա արդարադատության և սահմանադիրի՝ ժողովրդի միջև։ Ինչո՞ւ ենք մենք ասում, կամ ինչո՞ւ կա այդ հարցադրումը, թե արդյոք արդարադատությունն ու արդարությունը նույն բանն են կամ պիտի լինեն նույն բանը։ Երբ փորձում ենք այս հարցը բաղդատել, տեսնում ենք, որ իրականում խնդիր կա հենց ինքնին ձևակերպման մեջ։ Բայց կարևոր է հասկանալ՝ ո՞րն է պատճառը, որ նման ձևակերպում և հարցադրում կարող է գոյություն ունենալ մեր իրականության մեջ։

Ես կարծում եմ՝ պատճառներից մեկը այն է, որ Հայաստանում արդարադատությունը շատերին հասկանալի չէ, որովհետև ես այս ընթացքում իմ շփումների, քննարկումների արդյունքում հասկացել եմ, որ մենք ունենք նաև արդարադատության լեզվի հետ կապված խնդիր։ Եվ այդ լեզուն ոչ միայն բարդ է, այլ երբեմն այդ բարդությունն օգտագործվում է պատճառահետևանքային կապերի բացակայությունը թաքցնելու համար»,- նշեց վարչապետը։

Նրա խոսքով՝ հանրային հարցադրումները, թե արդյոք արդարադատությունն ու արդարությունը նույնն են, բխում են հենց այդ խզումից: «Երբեմն, երբ քննարկումներ են տեղի ունենում՝ հանրային կամ ոչ հանրային դաշտում, փաստարկը փաստարկի հետևից է գալիս, բայց մի պահից սկսած իրավաբանական հանրությունը սկսում է օգտագործել այնպիսի բառապաշար, որը մեզ՝ սովորական մահկանացուներիս, հասանելի չէ։ Եվ դրանով խոսակցությունն ավարտվում է։

Ասվում է՝ ահա կապերը այսպիսին են, բայց այդ կապերը երբեմն տեսանելի չեն։ Եվ այստեղից էլ, գուցե, առաջանում է այն վակուումը, որի մասին մենք խոսում ենք»,- եզրափակեց Փաշինյանը։

Նշենք, որ համաժողովի կազմակերպիչը ՀՀ Արդարադատության նախարարությունն է։ Միջոցառման շրջանակում անդրադարձ է կատարվում արդարադատության իրականացման արդյունավետությանը, դատական համակարգի նկատմամբ վստահության բարձրացմանը, բարեփոխումների ազդեցությանը, խափանման միջոցների կիրառման և մարդու իրավունքների պաշտպանության հարցերին։ Առանձին քննարկումներ նվիրված են դատարաններում գործերի քննության ողջամիտ ժամկետների պահպանմանը, իրավապահ մարմինների վարույթային գործողությունների և դատական քննության ժամկետների փոխազդեցությանը, ինչպես նաև արդարադատության և դատավարական չարաշահումների փոխկապակցվածությանը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.