ՀՀ ԱԳ փոխնախարարը բարձր է գնահատել UNESCAP-ի աջակցությունը Հայաստանում բարեփոխումների գործընթացին

Ապրիլի 21-ին Բանգկոկում անցկացվող ՄԱԿ Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի տնտեսական և սոցիալական հանձնաժողովի (UNESCAP) 81-րդ նստաշրջանի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը հանդիպել է ՄԱԿ Ասիայի և Խաղաղ օվկիանոսի տնտեսական և սոցիալական հանձնաժողովի գործադիր քարտուղար Արմիդա Սալսիա Ալիշյահբանայի հետ։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից:

Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել Հայաստանի և հանձնաժողովի միջև համագործակցության շուրջ: ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը բարձր է գնահատել UNESCAP-ի աջակցությունը Հայաստանում բարեփոխումների գործընթացին, ինչպես նաև վերջինիս դերը տարածաշրջանում համագործակցության խթանման և կայուն զարգացման գործում:

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել 2026թ. Երևանում կայանալիք ՄԱԿ Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի անցկացման նախապատրաստական աշխատանքներին՝ այս առումով ընդգծելով միջազգային գործընկերների ներգրավվածության կարևորությունը։

ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանն իր գործընկերոջն է ներկայացրել ՀՀ Կառավարության «Խաղաղության խաչմերուկ» հայեցակարգը, որը նպատակ ունի բոլոր ներգրավված երկրների ինքնիշխանության և իրավազորության պահպանման, ինչպես նաև փոխադարձության և հավասարության սկզբունքների հիման վրա ձևավորել տարածաշրջանում տնտեսական փոխկապակցվածության նոր ուղիներ և ապահովել տարածաշրջանային ենթակառուցվածքների համապարփակ, ներառական և ոչ խտրական օգտագործումը: 

ԱԳ նախարարի տեղակալը վերահաստատել է Հայաստանի հանձնառությունը հարևանների հետ հարաբերությունների կարգավորմանը և տարածաշրջանում տևական խաղաղության և կայունության հաստատմանը։ Այս համատեքստում ԱԳ նախարարի տեղակալն ընդգծել է Հայաստանի և Ադրբեջանի միջև Խաղաղության համաձայնագրի շուտափույթ ստորագրման կարևորությունը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.