Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը հույս է հայտնել, որ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինն այս տարի կայցելի Հայաստան: Այդ մասին ՀՀ ղեկավարն ասել է ռուսական TACC գործակալությանը տված հարցազրույցում՝ Բրյուսելում իր երկօրյա այցի շրջանակում:
«Այս տարի մենք մի քանի անգամ կհանդիպենք, օրինակ՝ Եվրասիական տնտեսական միության գագաթնաժողովի շրջանակում: Բացի այդ, հույս ունեմ, որ այս տարի կկայանա Վլադիմիր Պուտինի պաշտոնական այցը Երևան և իմը՝ Մոսկվա», – ասել է վարչապետ Փաշինյանը:
Նրա խոսքով՝ կողմերն այժմ քննարկում են սպասվող այցերի ամսաթվերը:
«Հստակ ամսաթվեր դեռ չկան, մենք այժմ քննարկում ենք դրանք: Վերջին քննարկումը մեկ շաբաթ առաջ էր. ես խոսել եմ ՌԴ նախագահի հետ հեռախոսով, և մենք զրույցի ընթացքում քննարկել ենք այդ հարցը: Եվ մեր վարչակազմերը քննարկում են հարցն այժմ», – ասել է ՀՀ վարչապետը:
Հայտնի է դարձել նաև, որ նա մտադիր է մոտ ապագայում հանդիպել ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ: