«Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություններով գրավատների և փոխանակման կետերի տուրքի բարձրացումը իրոք մեծ բեռ է ենթադրում այդ մարդկանց համար: Դա տնտեսվարողների համար խնդիրներ է ստեղծելու: Այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը:
«Այդ գումարն ի սկզբանե եղել է, 20 տարի փոփոխության չի ենթարկվել, և ժամանակն էր, որ վերանայվեր, բայց մյուս կողմից էլ հասկանում եմ, որ ՀՀ-ում մենք գործ ունենք մի քանի հարյուր տնտեսվարող սուբյեկտների հետ»,- ասաց Բաբկեն Թունյանը:
Նրա խոսքով՝ ՀՀ-ում գործում է 200-ից ավելի փոխանակման կետ և 130 գրավատուն, որոնցից յուրաքանչյուրը միջինում 2-3 աշխատող ունի. «Գործ ունենք բավականին մեծ աշխատողների թիվ ունեցող սեգմենտի հետ և իրենց համար իրոք մեծ հարկային բեռ է ավելանում, ինչը իրենց համար խնդիրներ է ստեղծելու»,- նշեց տնտեսական հանձնաժողովի նախագահը:
Հիշեցնենք, որ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» նախագծով առաջարկվում է 60 անգամ ավելացնել գրավատների և փոխանակման կետերի պետական տուրքը: Գրավատների համար ներկայիս 100 000 դրամի փոխարեն կսահմանվի 6 միլիոն, փոխանակման կետերի համար՝ 50 000-ի փոխարեն 3 միլիոն դրամ պետական տուրք:
Հարցին, թե տեղի՞ն է միանգամից 60 անգամ տուրքը բարձրացնելը, Բաբկեն Թունյանը պատասխանեց. «Կքննարկենք, կհասկանանք: Երկու կողմերին էլ կլսենք, ըստ դրա՝ որոշում կկայացնենք: Ամեն մի որոշում պետք է փաստարկված լինի, կարևորը փաստարկներն են, ոչ թե ներկայացնողները կամ շահառուները»: