Թբիլիսիում ոստիկանությունը արցունքաբեր գազ և ջրցան մեքենաներ է կիրառել «օտարերկրյա գործակալների» մասին վիճահարույց օրենքի դեմ ցուցարարներին ցրելու համար, գրում է BBC-ն։
ՆԳՆ-ում նշում են, որ ակցիան «բռնի բնույթ է կրել», ցուցարարները փորձել են փակել խորհրդարանի մուտքերից մեկը, եղել են բռնության գործողություններ նախարարության աշխատակիցների նկատմամբ։ Ընդդիմությունը պնդում է, որ բողոքի ակցիան խաղաղ է եղել։
Բախումները շարունակվել են մինչև ուշ գիշեր, ավելի ուշ ոստիկանները ցուցարարներին հեռացրել են խորհրդարանի շենքից։
Ակցիայի մասնակիցները փակել էին Ռուսթավելու պողոտան, նրանց ձեռքերին Վրաստանի և Եվրամիության դրոշներն են եղել:
Վրաստանի ՆԳՆ հաղորդագրության մեջ նշվում է, որ տուժածներ կան թե՛ ոստիկանների, թե՛ ցուցարարների շրջանում, նրանց թիվը, սակայն, չի նշվում։ Ըստ «Մթավարի» հեռուստաալիքի՝ ոստիկանությունը բերման է ենթարկել մի քանի տասնյակ ցուցարարի:
Շարունակությունը՝ 1lurer.am–ում
Հիշեցնենք՝ Վրաստանի խորհրդարանը երեկ 76 կողմ, 13 դեմ ձայներով առաջին ընթերցմամբ ընդունեց «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենսդրական փաթեթը, որը ենթադրում է «օտարերկրյա գործակալներ» կոչել բոլոր այն ոչ բիզնես իրավաբանական անձանց ու լրատվամիջոցներին, որոնց եկամուտների ավելի քան 20 տոկոսը ֆինանսավորում են օտար ուժերը։ Հեղինակներն այն համարում են «ամերիկյան», ընդդիմախոսները՝ «ռուսական»։