Վրաստանի ՆԳՆ տեղեկացմամբ երեկվա հանրահավաքից 66 մարդ է ձերբակալվել |1tv.ge|

1tv.ge: «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքի ընդունման դեմ բողոքի ակցիայից Վրաստանի իրավապահները մանր խուլիգանության և ոստիկանության օրինական պահանջներին չենթարկվելու փաստերով ձերբակալել են 66 մարդու։ Այս մասին ասված է Վրաստանի ՆԳՆ հայտարարության մեջ։

«ՆԳՆ-ն հետաքննություն է սկսել մարտի 7-ին Ռուսթավելի պողոտայում՝ խորհրդարանի շենքի հարևանությամբ տեղի ունեցած բռնի միջադեպերի վերաբերյալ։

Իրավապահները վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 166-րդ և 173-րդ հոդվածներով՝ մանր խուլիգանության և ոստիկանության օրինական պահանջներին չենթարկվելու փաստերով, բերման են ենթարկել 66 անձի։ Նշված անձանց կողմից կատարված իրավախախտման փաստերը դատարան են ներկայացվում օրենքով սահմանված ժամկետում։

Երեկ ողջ օրվա ընթացքում օրենսդիր մարմնի հարակից տարածքում մոբիլիզացված են եղել ՆԳՆ համապատասխան ստորաբաժանումները՝ հասարակական կարգը պաշտպանելու և բողոքի ակցիայի խաղաղ անցկացումն ապահովելու նպատակով։

Խորհրդարանի շենքի մոտ հավաքվածները փորձել են փակել խորհրդարանի մուտքերը, սակայն ոստիկանները թույլ չեն տվել։ Չնայած ՆԳՆ բազմաթիվ կոչերին՝ պահպանել կարգուկանոնը, խաղաղ բողոքի ձևով, օրենքի շրջանակներում, հանրահավաքի մասնակիցները շարունակել են իրենց բռնի գործողությունները և չեն ենթարկվել իրավապահների օրինական պահանջներին։

Ոստիկանները, լարվածությունը թուլացնելու և իրավիճակը լիցքաթափելու նպատակով, բացել են ճանապարհը և հավաքի մասնակիցներին ցրվելու կոչ են արել։ Չնայած դրան, հանրահավաքի մասնակիցները ՆԳՆ աշխատակիցների վրա նպատակաուղղված նետել են տարբեր առարկաներ՝ քարեր, դյուրավառ միջոցներ, բութ առարկաներ։ Հանրահավաքի մասնակիցները վնասել և այրել են նախարարությանը պատկանող մեքենաներ, վնասել ոստիկանության հատուկ տեխնիկա։

Հասարակական կարգը վերականգնելու և իրավախախտումները կանխելու նպատակով ոստիկանությունը հարկադրված է եղել հետևողականորեն կիրառել համաչափ ուժ և «Ոստիկանության մասին» Վրաստանի օրենքով նախատեսված հարկադրանքի հատուկ միջոցներ՝ համապատասխան նախազգուշացումից հետո անհրաժեշտության համաձայն։

Ավելի ուշ հավաքվածները կազմակերպված հարձակում են սկսել խորհրդարանի շենքի վրա, «Մոլոտովի կոկտեյլներ» և պիրոտեխնիկա նետել, այդ թվում՝ իրավապահների ուղղությամբ.

Բողոքի ակցիայի անդամները հրկիզել են օրենսդիր մարմնի շենքը, քարեր նետել, կոտրել ապակիները և վնասել երկաթե պաշտպանիչ ամբարտակները»,- ասված է ՆԳՆ հաղորդագրության մեջ։

Վրաստանի ՆԳՆ փոխանցմամբ՝ ակցիայի հետևանքով տուժել է ՆԳՆ մոտ 50 աշխատակից, նրանցից մի քանիսը վիրահատական ​​միջամտության կարիք են ունեցել և դեռևս բուժհաստատություններում են․
«Ակցիայի ընթացքում տուժել են նաև քաղաքացիներ»,- նշել են գերատեսչությունից՝ չհստակեցնելով թիվը։

Հիշեցնենք՝ Վրաստանի խորհրդարանը երեկ 76 կողմ, 13 դեմ ձայներով առաջին ընթերցմամբ ընդունեց «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենսդրական փաթեթը, որը ենթադրում է «օտարերկրյա գործակալներ» կոչել բոլոր այն ոչ բիզնես իրավաբանական անձանց ու լրատվամիջոցներին, որոնց եկամուտների ավելի քան 20 տոկոսը ֆինանսավորում են օտար ուժերը։ Հեղինակներն այն համարում են «ամերիկյան», ընդդիմախոսները՝ «ռուսական»։  Հարյուրավոր ցուցարարներ Վրաստանի խորհրդարանի դիմաց բողոքի ցույց են անցկացրել օրինագծի դեմ։ Ոստիկանությունը նրանց դեմ արցունքաբեր գազ և ջրանետ մեքենա է կիրառել։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

«Բորժոմի» գործարանի աշխատողներն անժամկետ ակցիա են սկսել |azatutyun.am|

ՀՀ-ին մատակարարվող գազի տարանցման համար «Գազպրոմ»-ից Վրաստանին վճարվող սակագինը բարձրացել է |armtimes.com|

Հնարավոր է ԱՄՆ-Վրաստան ուղիղ չվերթներ սկսվեն |aliq.ge|

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.