armenpress.am: «Վրաստանի խորհրդարանը մարտի 9-ին և 10-ին աշխատելու է սահմանափակ ռեժիմով, քանի որ շենքը վնասվել է մարտի 7-ին և 8-ին օտարերկրյա գործակալների մասին օրինագծի ընդունման դեմ բողոքի ակցիաների ժամանակ»-, հաղորդել է խորհրդարանի աշխատակազմը։
Այդ մասին տեղեկանում ենք «Ինտերֆաքս» գործակալությունից: Խորհրդարանի տարածք մուտքը սահմանափակվելու է խոսնակի հրամանով, որպեսզի այնտեղ հնարավոր լինի պարզել եւ փոխհատուցել հասցված վնասը։ Մուտքը կսահմանափակվի բոլոր այցելուների, պատգամավորների և լիազորված լրատվամիջոցների աշխատակիցների համար։ «Ենթակառուցվածքների վնասվելու և շենքում գտնվող մարդկանց առողջության համար հնարավոր վտանգներից խուսափելու կապակցությամբ խորհրդարանի լիագումար նիստերն այս շաբաթ չեն անցկացվելու»,-ասվում է հայտարարության մեջ:
Հիշեցնենք՝ Վրաստանի խորհրդարանը մարտի 7-ին 76 կողմ, 13 դեմ ձայներով առաջին ընթերցմամբ ընդունել էր «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենսդրական փաթեթը, որը խորհրդարան էր բերել «Վրացական երազանք» կուսակցության շարքերը լքած և հակաարևմտյան շարժում ձևավորած «Ժողովրդի ուժը» շարժումը: Փաթեթը ենթադրում էր «օտարերկրյա գործակալներ» կոչել բոլոր այն ոչ բիզնես իրավաբանական անձանց ու լրատվամիջոցներին, որոնց եկամուտների ավելի քան 20 տոկոսը ֆինանսավորում են օտար ուժերը։ Հեղինակներն այն համարում են «ամերիկյան», ընդդիմախոսները՝ «ռուսական»։
Օրինագծի՝ առաջին ընթերցմամբ ընդունմանը հաջորդեցին ցույցերը, բողոքի, անհնազանդության ակցիաները Թբիլիսում, որոնք ոստիկանությունն ուժի գործադրմամբ ցրեց:
Իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը և «Ժողովրդի ուժ» հասարակական շարժումն այսօր հայտարարեցին օրինագիծը խորհրդարանից հետ կանչելու որոշման մասին։