Վրաստանում շարունակվում են ցույցերը |azatutyun.am|

azatutyun.am: Վրաստանի խորհրդարանի մոտ՝ Թբիլիսիի կենտրոնում, այսօր ևս շարունակվում է բողոքի ցույցը, չնայած իշխանությունները որոշել են հետ կանչել «օտարերկրյա գործակալների» վերաբերյալ օրինագծերը։
Խորհրդարանի շենքին հարակից Ռուսթավելի պողոտան արգելափակվել է, իսկ օրենսդիր մարմնի դիմացի հրապարակը լի է հազարավոր մարդկանցով։

Քաղաքացիներն այս անգամ իշխանություններին ոչ այնքան կոնկրետ գործողություններ ձեռնարկելու կոչ են անում, որքան տոնում են իշխող «Վրացական երազանք» կուսակցության որոշումը՝ դադարեցնել «օտարերկրյա գործակալների» մասին օրինագծերի երկու տարբերակների քննարկումը։

Այնուամենայնիվ, շատ ցուցարարներ անվստահություն են հայտնում երկրի իշխանություններին, քանի որ օրինագծերը հետ կանչելու մասին որոշումը հայտարարվել է միայն բանավոր և չի հաստատվել խորհրդարանում նախաձեռնության դեմ քվեարկությամբ։ Ընդդիմության ներկայացուցիչները նաև կոչ են անում իշխանություններին ազատ արձակել մարտի 7-ի և 8-ի ցույցերի ժամանակ բերման ենթարկված ավելի քան 130 մարդու։

Հիշեցնենք՝ Վրաստանի խորհրդարանը մարտի 7-ին 76 կողմ, 13 դեմ ձայներով առաջին ընթերցմամբ ընդունել էր «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենսդրական փաթեթը, որը խորհրդարան էր բերել «Վրացական երազանք» կուսակցության շարքերը լքած և հակաարևմտյան շարժում ձևավորած «Ժողովրդի ուժը» շարժումը: Փաթեթը ենթադրում էր «օտարերկրյա գործակալներ» կոչել բոլոր այն ոչ բիզնես իրավաբանական անձանց ու լրատվամիջոցներին, որոնց եկամուտների ավելի քան 20 տոկոսը ֆինանսավորում են օտար ուժերը։ Հեղինակներն այն համարում են «ամերիկյան», ընդդիմախոսները՝ «ռուսական»։

Օրինագծի՝ առաջին ընթերցմամբ ընդունմանը հաջորդեցին ցույցերը, բողոքի, անհնազանդության ակցիաները Թբիլիսում, որոնք ոստիկանությունն ուժի գործադրմամբ ցրեց:

Իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը և «Ժողովրդի ուժ» հասարակական շարժումն այսօր հայտարարեցին օրինագիծը խորհրդարանից հետ կանչելու որոշման մասին։ 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

«Բորժոմի» գործարանի աշխատողներն անժամկետ ակցիա են սկսել |azatutyun.am|

ՀՀ-ին մատակարարվող գազի տարանցման համար «Գազպրոմ»-ից Վրաստանին վճարվող սակագինը բարձրացել է |armtimes.com|

Հնարավոր է ԱՄՆ-Վրաստան ուղիղ չվերթներ սկսվեն |aliq.ge|

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.