ՀՀ Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ուրախ եմ տեղեկացնել, որ Մանուկյան Սիմոն հետազոտական հիմնադրամը (ՄՍՀՀ) սկսել է դրամաշնորհ ստանալու դիմումներ ընդունել՝ ՀՀ կառավարության համար հետաքրքրություն ներկայացնող թեմաների վերաբերյալ հետազոտություններ իրականացնելու նպատակով: Հայտեր կարող են ներկայացնել ինչպես փորձառու հետազոտողները, այնպես էլ համալսարանների ուսանողները:
Հայտերի ընդունման վերջնաժամկետը ս․թ․ մարտի 24-ն է: Մրցույթի արդյունքների հրապարակումը տեղի կունենա ս․թ․ մարտի 29-ին:
Պահանջները հետազոտողների համար.
– Կարող են դիմել ինչպես տեղացի, այնպես էլ միջազգային հետազոտողները,
– Հետազոտողները կարող են դիմել ինչպես անհատապես, այնպես էլ խմբով: Հետազոտական խմբի ղեկավարը պետք է ամբողջական դրույքով աշխատի հայաստանյան որևէ բուհում։
– Նախապատվությունը տրվելու է հիմնականում համալսարանի աշխատակիցներից կազմված խմբերին,
– Նախապատվությունը տրվելու է այն խմբերին, որոնք հետազոտության իրականացման գործընթացում կներգրավեն ուսանողի,
– Հետազոտության իրականացման ակնկալվող ժամկետը մեկ տարի է։ Հետազոտությունը մեկ տարուց ավել կամ պակաս ժամանակահատվածում իրականացնելու դեպքում անհրաժեշտ է ներկայացնել հիմնավորում։
Պահանջներն ուսանողների համար
– Դիմորդը պետք է լինի հայաստանյան բարձրագույն ուսումնական հաստատության բակալավրիատի, մագիստրատուրայի կամ ասպիրանտուրայի ուսանող,
– Կարող են դիմել ինչպես տեղացի, այնպես էլ միջազգային ուսանողները,
– Դիմողը պետք է ներկայացնի երաշխավորագիր ուսումնական հաստատությունից,
– Հետազոտության իրականացման ակնկալվող ժամկետը վեց ամիս է։ Հետազոտությունը վեց ամսից ավել կամ պակաս ժամանակահատվածում իրականացնելու դեպքում անհրաժեշտ է ներկայացնել հիմնավորում։