news.am: Եկեղեցու կողմից բարձրացված մտահոգությունները կամ իրենց դիրքորոշումը նոր չեն. մենք կարծում եմ՝ արդեն անցել ենք քննարկումների փուլը, որովհետեւ չափորոշիչի քննարկման փուլում բազմիցս ունեցել ենք հնարավորություն այդ քննարկումների համար: Այս մասին, այսօր՝ ապրիլի 21-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը՝ անդրադառնալով նրան, որ նախօրեին Գարեգին Բ ամենայն հայոց կաթողիկոսը հայտարարել էր, որ իրենց համար մերժելի է «Հայ եկեղեցու պատմություն» առարկան այլ ռարկաների մեջ տարալուծելու մոտեցումը եւ առաջարկել են շարունակել քննարկումը:
2021-ին հաստատվել է հանրակրթության պետական չափորոշիչը, որով սահմանված են մեր մոտեցումները. Չափորոշիչը ներդրվելու է բոլոր դպրոցներում այս տարվա սեպտեմբերից. Սա է իրավիճակը եւ այն չի փոխվում:
«Ես չեմ կարծում, որ մենք բոլոր հարցերում պետք է ունենանք մեկ մոտեցում եւ մեկ տրամաբանություն: Շատ բնական է, որ կարծիքները կարող են տարբեր լինել եւ տարբեր էլ մնալ անգամ քննարկումներից հետո: Բայց ես կարեւոր եմ համարում, որ մենք կարողանում ենք բաց խոսել մեր տարբեր կարծիքների մասին: Մենք բավականին բաց խոսակցություն ենք ունեցել, ես ներկայացրել եմ չափորոշչի մեր մեթոդաբանությունը, մեր մոտեցումը եւ վստահեցրել եմ, որ այն պատկերացումները, որ մենք ունենք, չպետք է վտանգեն այն կարեւոր արժեքների փոխանցման հարցում, որը բոլորս կարեւորում ենք:
Տեսնում եմ, որ դիմացի կողմից կա տարբեր ընկալում, որ մեթոդը պետք է լինի առանձին առարկայի տրամաբանության մեջ: Մենք այդպես չենք պատկերացնում եւ ես բացատրել եմ՝ ինչու: Խոսքը միայն եկեղեցու պատմություն առարկայի մասին չէ, այլ տարբեր առարկաների մասով ուսուցման մասին է: Մենք ինտեգրված մոտեցումն ենք որդեգրել:
Մենք մեր դպրոցում ունեինք իրավիճակ, երբ յուրաքանչյուր առարկա ինքնաբավ գործում էր եւ շատ հաճախ երեխաների մոտ չէր ձեւավորվում միասնական պատկերացում, օրինակ, նույն բնության երեւույթի մասին:
Ինտեգրված մոտեցումը հնարավոր է դրաձնում խաչվող գաղափարները տարբեր առարկաների մեջ դարձնել ավելի հասկանալի, տեսանելի, ընկալելի»,-հայտարարեց Անդրեասյանը՝ հավելելով. «Ես կարծում եմ, որ մեր մոտեցումները շատ հիմնավոր են եւ իհարկե, հարգանքով եմ վերաբերվում եկեղեցու դիրքորոշմանը»:
Հիշեցնենք, որ երեկ Կաթողիկոսը հայտարարել էր, որ ճիշտ չեն գտնում եւ հստակ ժխտական դիրքորոշում են արտահայտել «Հայ եկեղեցու պատմություն» առարկայի տարրալուծմանը այլ առարկաների, այդ թվում հայ ժողովրդի պատմություն առարկայի մեջ․
«Վերջնանպատակը ո՞րն է այդ առարկայի ուսուցման, ինչի՞ ենք ուզում հասնել, ի՞նչ ենք ուզում արձանագրել․ մեր համոզումն է, որ այն մեթոդաբանական մոտեցումով, որը ձեւակերպումն է տիկին նախարարի, հնարավոր չէ իրականացնել այն նպատակը, որ մեր դիրքորոշումներում արտահայտված է», – նշել էր Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսը: