armenpress.am: Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի եղևնիների պուրակն ընդարձակվում է: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության օժանդակությամբ գումար է հատկացվել, աշխատանքներ են տարվել և պուրակի համար 640 քմ մակերեսով 2 տեղամաս է ավելացվել:
Հիշողության կամ եղևնիների պուրակը Հայոց ցեղասպանության հուշահամալիրի չորս հիմնական մասերից մեկն է: Հայաստան եկած բազմաթիվ բարձրաստիճան հյուրեր հուշահամալիր այցելության ընթացքում հիշողության պուրակում եղևնիներ տնկելու հնարավորթյուն ունեն։ «Արմենպրես»-ի հետ զրույցում Հայոց ցեղասպանության թանագարան-ինստիտուտի տնօրենՀարություն Մարությանը նշեց, որ այդպես նրանք ոչ միայն ոգեկոչում են Հայոց ցեղասպանության զոհերին, այլ նաև Ցեղասպանության հիշողության պահպանման և փոխանցման յուրօրինակ առաքելություն են իրականացնում:
«Ծառը, բույսը կյանքի հարատևության նշան է։ Քանի որ այն նվիրված է ոգեկոչմանը, ապա իր գործառույթը կատարում է այնքան ժամանակ, քանի դեռ ծառը կենդանի է, շնչում է։ Այստեղ ընտրվել են ծառեր, արծաթափայլ եղևնիներ, որոնք ամբողջ տարվա ընթացքում են կանաչ։ Խորհուրդն այն է, որ Ցեղասպանության զոհերի հիշատակը ամբողջ տարի է վառ պահվում։ Այն, որ տարբեր երկրների ներկայացուցիչները ծառ են տնկում, նշանակում է նրանց համար նույնպես Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը անժամկետ է»,-ասաց թանգարան-ինստիտուտի տնօրենը։
Հուշահամալիրի պուրակ ունենալու գաղափարը սկսել է կյանքի կոչել թանգարանի առաջին տնօրեն Լավրենտի Բարսեղյանը։ Հիշողության կամ եղևնիների պուրակը հիմնադրվել է 1997 թվականին՝ դառնալով Հայոց ցեղասպանության հուշահամալիրի անբաժան մաս: Պուրակում առաջին թվագրված ծառը 1997 թվականով է, որը տնկել է ԱՄՆ սենատոր Ռոբերտ Դոլը՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանությունը վերապրած, ամերիկահայ վիրաբույժ Համբար Քելեկյանի:
«Այստեղ եղևնիներ են տնկում բազմաթիվ պետությունների ղեկավարներ, կառավարության անդամներ, պատգամավորներ, հոգևոր դասի ներկայացուցիչներ։ Այստեղ կա 210 եղևնի, տնկվել են 41 պետությունների պաշտոնական և ոչ պաշտոնական ներկայացուցիչներ: Եկավ ժամանակը և տեսանք, որ տարածքը չի բավարարում, այն ընդարձակելու անհրաժեշտություն կա, ինչն էլ և արվում է»,-ասաց Հարություն Մարությանը:
Եղեևնիների խնամքը բարդ ու մեծ ջանքեր ու ռեսուրսներ պահանջող գործընթաց է։ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնտեսական աշխատանքների գծով փոխտնօրեն Սմբատ Մանուկյանի խոսքով՝ տեղանքն այդքան էլ բարնպաստ չէ եղևնիների համար։ Տարածքի բավական քարքարոտ լինելը խնդիրներ է առաջացնում։
Շարունակությունը՝ armenpress.am-ում