Ավստրիայի նախագահ Ալեքսանդր Վան դել Բելենը թվիթերյան իր միկրոբլոգում գրել է․
«Այսօր Վիեննայում ես հանդիպեցի Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Ավստրիայի համար պատիվ է, որ Հայաստանի վարչապետի ու Ադրբեջանի նախագահի այսօրվա հանդիպումը տեղի ունեցավ Վիեննայում:
Մենք քննարկեցինք տարածաշրջանային զարգացումները, Հայաստանում քաղաքական իրավիճակը՝ Թավշյա խաղաղ հեղափոխությունից հետո, ու հետագա երկկողմ ու բազմակողմ համագործակցության հարցեր»։
ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից տեղեկացրին, որ
Ավստրիայի նախագահը ջերմորեն ողջունելով վարչապետ Փաշինյանին` նշել է, որ իր երկիրը կարևորում է Հայաստանի հետ տարբեր ոլորտներում հարաբերությունների շարունակական զարգացումն ու ընդլայնումը: Ալեքսանդր վան դեր Բելենը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին Հայաստանում տեղի ունեցող բարեփոխումների ակտիվ գործընթացների կապակցությամբ և վստահություն հայտնել, որ մեր երկիրն առաջիկա տարիների ընթացքում կընթանա ժողովրդավարության զարգացման ու ամրապնդման ճանապարհով: Անդրադառնալով երկկողմ տնտեսական փոխգործակցությանը` Ավստրիայի նախագահը նշել է, որ իր երկիրը պատրաստ է քննարկել Հայաստանում ներդրումային տարբեր ծրագրերի իրականացման հնարավորությունները:
Վարչապետ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և հավելել, որ Հայաստանի կառավարությունը շահագրգռված է Ավստրիայի հետ համագործակցության խորացմամբ: Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Հայաստանում ընթացող ժողովրդավարական զարգացումներին, կոռուպցիայի, մենաշնորհների դեմ պայքարին, մարդու իրավունքների պաշտպանության, արդարադատության ոլորտներում իրականացվող բարեփոխումներին: Վարչապետը վստահություն է հայտնել, որ այդ թվում միջազգային գործընկերների օժանդակությամբ ՀՀ կառավարությունը հաջողությամբ կյանքի կկոչի իրականացվող և հետագայում նախատեսվող բարեփոխումների ծրագրերը:
Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են հայ-ավստրիական հարաբերությունների օրակարգային տարբեր հարցեր, մտքեր փոխանակել երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ թեմաների շուրջ:
Վարչապետ Փաշինյանն Ավստրիայի նախագահին պատմել է նաև Վիեննայում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ ունեցած հանդիպման մասին: